«Մենք այժմ ունենք մի նախագիծ, որի շուրջ կարելի է հետագայում զարգացնել և խորացնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը». Զառա Հովհաննսիյան

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը իր առջև դնում է 3 նպատակ` ընտանեկան բռնության կանխարգելում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, այս մասին քննարկաման ժամանակ հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը:

Խոսելով նախագծի դրական կողմերի մասին նա նշեց, որ այս նախագիծը որոշակի իրավական կառուցակարգեր է նախատեսում, որոնց որոշ մասը նորություն են մեր իրավական համակարգերի համար:

«Առաջին  դեպքում ոստիկանության ծառայողը, իսկ երկրորդ դեպքում դատարանը` անձի դիմումի համաձայն կարող են  որոշակի սահմանափակումներ կիրառել ընտանեկան բռնություն գործադրող անձի նկատմամբ,  որպեսզի կանխարգելվեն այնպիսի դեպքերը, որոնց մեր պրակտիկայի ընթացքում հանդիպել ենք: Օրինակ այդ անձին անմիջապես հրահանգ տալ լքել բռնության ենթարկված անձի  բնակության վայրը, անգամ՝ եթե դա իրեն է պատկանում, չկապվել ընտանեկան բռնության ենթարկված անձի հետ, չայցելել նրան և այլն »,- ասաց նա:

Գոհար Հակոբյանը նշեց, որ թվարկված  քայլերը չանելու դեպքում նախագծի փաթեթով սահմանվում է պատասխանատվություն` առավել վտանգավոր դրսևորումների դեպքում` քրեական պատասխանատվություն, իսկ նվազ վտանգավոր դրսևորումների համար` վարչական պատասխանատվություն:

«Նախագիծը նաև սահմանում է ապաստարանների հիմնադրման պարտականություն կամ գործող ապաստարաններին պետության կողմից ֆինանսական օժանդակություն տրամադրելու պարտականություն»,-հայտնեց նա:

Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի ծրագրի ղեկավար Զառա Հովհաննիսյանն այս քայլը գնահատեց, որպես լուրջ առաջընթաց պետության կողմից. «Մենք այժմ ունենք մի նախագիծ, որի շուրջ կարելի է հետագայում զարգացնել և խորացնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը, որը կարևորում ենք արդեն մի քանի տարի»:

Նա նշեց, որ այս օրինագիծը կօգնի նաև դատական համակարգին վերափոխվել և ավելի ուշադիր վարել այդ գործերը, և միևնույն ժամանակ ավելի շատ մեխանիզմներ ունենալ քրեականացնելու ընտանեկան բռնությունը:

«Այժմ ևս այն քրեականացված չէ և այս նախագծում ևս այն քրականացնելու դրույթ չկա, բայց կարծում եմ քայլ առ քայլ հնարավոր է այս նախագծից հետո հասնել նաև այդ փոփոխությանը»,- նշեց նա:

Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամ Անահիտ Սիմոնյանն էլ անդրադառնալով  ընտանեկան բռնության դեպքերին, հայտնեց, որ վերջին 5 տարիների ընթացքում կատարվել է 50-ից ավելի կնասպանության դեպք, որը տարների ընթացքում չի նվազում:

«Կարծում եմ սա շատ լուրջ ցուցանիշ է և լուրջ հանգամանք է, որպեսզի հասկանանք, որ  պետության կողմից ապահովվել են մեխանիզմներ, որպեսզի հաջորդ զոհը ընտանեկան բռնության տեղի չունենա»,- նշեց նա:

Նրա խոսքերով՝ սա պետության պարտականության դրսևորում է` ապահովելու իր քաղաքացիների հիմնարար իրավունքերից մի քանիսը:

Վերջում զրուցակիցները կոչ արեցին որպեսզի մարդիկ  չլռեն և չփակեն իրենց աչքերը, քանի որ այս երևույթը մեզ մոտ գոյություն ունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արդարադատության նախարարության կայքում  հանրային քննարկաման է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ կայքում կա նաև առցանց քվեարկության հնարավորություն, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը:

Նյութը` Ելենա Արամյանի