Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով դատական նիստը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը:
Դատարանը գործով կողմերին հայտնեց, որ փաստաթղթերի թարգմանության վերաբերյալ Դատական դեպարտամենտը գրություն է ուղարկել, ըստ որի՝ փաստաթղթերի մեծ մասը չի թարգմանվել, քանի որ ձեռագիր են և դժվարընթեռնելի:
Դատավոր Դավիթ Բալայանը կողմերին հարցրեց, թե ի՞նչ անեն այս պարագայում: Մեղադրող Արա Մնացականյանը առաջարկեց կրկին ուղարկեն թարգմանության և առաջարկեն, որ վերոնշյալ թարգմանական գործընթացին մասնակցեն նաև այն բժիշկները, ովքեր գրել են: Պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի խոսքերով՝ մեղադրող կողմը հասկանում է, որ վերոնշյալ փաստաթղթերը թերի ապացույցներ են համարվում և առաջարկեց թողնել այնպես, ինչպես կա.
«Ես կարծում եմ, որ ապացույցը թերի է, իհարկե, դա մեղադրող կողմի խնդիրն է: Որոշումը թողնում եմ դատական դեպարտամենտի հայեցողությանը»,-ասաց պաշտպանը:
Դատարանը որոշեց կրկին ուղարկել թարգմանության և պահանջել, որպեսզի պատշաճ կերպով թարգմանվի:
Հաջորդ դատական նիստի մասին կողմերը լրացուցիչ կտեղեկացվեն:
Նշենք, որ սույն գործով դատական նիստը մեկնարկել է շուրջ մեկ տարի առաջ՝ հուլիսի 7-ին:
Հավելենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանն, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն՝ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Գործով մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով բուժօգնություն իրականացրել է ոչ պատշաճ, որն առաջացրել է բուժվող ծննդկանի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի