Լոռու մարզում  հիդրոէլեկտրակայան  կկառուցվի

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Կառավարությանը ներկայացրերց Լոռու մարզում` 76 մվտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման,  կառուցապատման, ֆինանսավորման, սեփական իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման  մասին շրջանակային  համաձայնագրի նախագիծը:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Վերջինս էլ առաջնորդվելով հուշագրի դրույթներով դիմել է ՀՀ կառավարությանը` ծրագիրն իրականացնելու առաջարկով և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ:

«Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը: Ծրագիրն իրականացվելու է  պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում»,- այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա խոսքերով  ծրագիրը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից, և համապատասխանում է բնապահպանական կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչներին:

Նա նաև հայտնեց, որ ՀԷԿ-ն իրենից կներկայացնի ժամանակակից բարդ ինժեներական կառույց, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ: «ՀԷԿ-ը կարտադրի էլեկտրաէներգիայի մեր երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի»,-ասաց նա:

 Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Ծրագրի վերաբերյալ ստացվել է 500-ից ավելի դիտողություն և առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել է:

ՀՀ կառավարությաունը հավանություն տվեց ծրագրին իսկ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ  ներկայացվել է լավ և հեռանկարային ծրագիր:

Լուսանկարը՝ www.gov.am-ի

Մեկնաբանություններ