Դիմումատուն՝ Իշակ Սաղլամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1966 թվականին և բնակվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ «Հեզբոլահ» խմբավորման անդամ հանդիսանալու համար իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ։
2000 թվականի ապրիլին Դիմումատուն հարցաքննության է ենթարկվել Դիյարբեքիր նահանգի քննչական մարմինների կողմից՝ «Հեզբոլահ» անօրինական ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ անդամ հանդիսանալու կասկածանքով։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն փաստաբանական գործունեություն է ծավալել Դիարբեքիր նահանգում։ Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին և տեղափոխել են նախնական կալանավայր։ Դիարբեքիր նահանգի անվտանգության ուժերի աշխատակիցները հետախուզական գործողություններ են իրականացրել «Հեզբոլահ» ահաբեկչական խմբավորման անդամներին պատկանող տանը։ Հետախուզության արդյունքում անվտանգության ուժերի աշխատակիցները ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամների միջև տեղի ունեցած գրավոր նամակագրություն են հայտնաբերել։ Նամակագրության տվյալների համաձայն՝ համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է «Հեզբոլահ» ահաբեկչական խմբավորման հավաքագրող և խմբավորման որոշ բջիջների պատասխանատու անձ, ինչպես նաև դասընթացներ է անցկացրել խմբավորման նոր անդամների հետ։
Հիմք ընդունելով անվտանգության ուժերի կողմից ահաբեկչական խմբավորման անդամներին պատկանող տանը հայտնաբերված համակարգչի սկավառակի վրա պահպանված տվյալները և խմբավորման մյուս ենթադրյալ անդամների միջև տեղի ունեցած գրավոր նամակագրության տեղեկատվությունը՝ 2006 թվականի ապրիլին Թուրքիայի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Դիմումատուին 6 տարի և 3 ամսվա ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ Դատարանն իրեն ազատազրկման դատապարտելու մասին որոշում կայացնելիս հաշվի է առել միայն 2 վկաների տված ցուցմունքները և արդարանալու հնարավորություն չի ընձեռել Դիմումատուին։ Այնուամենայնիվ, 2007 թվականի նոյեմբերին Թուրքիայի վճռաբեկ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Վերջինս բողոքել է իր գործով քրեական դատավարության երկար ժամկետի մասին և Դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց պարտականությունները և չեն հայտնաբերել գործին առընչվող լրացուցիչ ապացույցները, որոնք վկայում են Դիմումատուի անմեղության մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։