ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում 2017 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացված աշխատանքները հիմնականում ուղղված են եղել Ոստիկանության գործունեությունը կանոնակարգով իրավական դաշտի կատարելագործմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելուն:
Մասնավորապես, Կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ իրականացվել է 2 օրենսդրական նախաձեռնություն.
Վարչական իրավախախտումները բացահայտելիս` քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր կամ դրանց պատճեններ պահանջելու և ստանալու, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների շրջանակը օրենքով հստակ ամրագրելու նպատակով նախապատրաստվել և սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
Նախապատրաստվել է նաև «Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, ընթացք տալու և հաշվառելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման անհրաժեշտությամբ:
Կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից շարունակվել են Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, Երևան քաղաքում նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել երկու նոր հենակետ: Միաժամանակ, համայնքային ոստիկանության ծառայողների մասնագիտական որակը և գիտելիքները առավել բարելավելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինար պարապմունքներ և քննարկումներ:
ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման ոլորտում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով շարունակվում են Տավուշի մարզում Իջևանի հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի կառուցմանն ուղղված աշխատանքները: Հաշվի առնելով նշված խնդրի ամբողջական իրագործման համար պահանջվող ֆինանսական մեծածավալ ներդրումների անհրաժեշտությունը՝ աշխատանքները կշարունակվեն նաև 2018 թվականին:
Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ծրագրային ապահովումն ու սպասարկումն իրականացնելու համար համապատասխան ընկերության ընտրության գործընթացի շրջանակներում համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են նախաորակավորման համար ներկայացված բոլոր հայտերը և սահմանված կարգով ընտրվել վեց կազմակերպություն (1. Cetis d.d. (Սլովենիա), 2. «Muhlbauer ID Services GmhH» (Գերմանիա), 3. «PWPW SA» (Լեհաստան), 4. «Gemalto SA» (Ֆրանսիա) և «Gemalto OY» (Ֆինլանդիա) ընկերությունների կոնսորցիում, 5. «Oberthur Technologies SA» (Ֆրանսիա), 6. «Veridos GmbH» (Գերմանիա), «Giesecke & Devrient» (Գերմանիա) և «Bundesdruckerei GmbH» (Գերմանիա) ընկերություններիկոնսորցիում): Նախաորակավորման փուլը հաղթահարած կազմակերպությունները մանրամասն ներկայացրել են իրենց արտադրանքը և մատուցվելիք ծառայությունները: Համապատասխան մասնագետների կողմից ներկայումս ընթանում են մրցույթի հայտարարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքի նախապատրաստման աշխատանքները, որոնք, ի վերջո, ուղղված են ՀՀ քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրման աշխատանքները առավել որակյալ և արդյունավետ իրականացնելուն: