Ժիրայր Սեֆիլյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. փաստաբան

Ժիրայր Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Վերջինիս խոսքերով երեկ իրեն է զանգահարել Քննչական կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերով զբաղվող քննիչներից մեկը, և ասել, որ նյութեր են նախապատրաստվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:

«Վերջին խոսքում Ժիրայր Սեֆիլյանը կանխատեսում էր, որ հայ ժողովուրդը պետք է միավորվի և ըստ էության հասնի ցանկալի արդյունքի: 2-3 անգամ կրկին ընթերցելուց հետո հասկացանք, որ վերջին խոսքում չկա այնպիսի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հետ կապված հարց առաջացներ»,- հայտնեց նա:

Փաստաբանը նշեց, որ ինքն այսօր գնացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, և Ժիրայր Սեֆիլյանի հետ սպասել  քննիչին, սակայն վերջինս այդպես էլ չի եկել նրանց հետ հանդիպման, միայն տեղեկացրել է, որ «Արմավիր» քրեակատարողական հմինարկում խնդիրներ են առաջացել:

Փաստաբանի խոսքերով ներկա պահին դեռ պաշտոնական ոչինչ չկա, հնարավոր է նաև վերջին պահին քննիչը փոխել է իր դիքորոշումը, այդ պատճառով էլ չի ներկայացել կամ իսկապես «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խնդիրներ է առաջացել:

Տիգրան Հայրապետյանը նաև ընթերցեց Սեֆիլյանի մեկնաբանությունն այս ամենի վերաբերյալ,  որում մասնավորապես ասված էր. «Մեզ լռեցնել հնարավոր չէ, իսկ գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուտի՝ շատ շուտով հոգին ավանդելու է»:

Փաստաբանը նաև հայտնեց, որ Սեֆիլյանի դատավճիռը մինչ օրս չի ուղարկվել իրենց, այն դեպքում, երբ պետք է 5-օրյա ժամկետում ուղարկվեր:

«Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ մեզ մոտ չի գործում որևէ համակարգ, իսկ Ժիրայր Սեֆիլյանն ամողջ դատաքննության՝ 10 ամսվա ընթացքում, նույնիսկ  1 անգամ հնարավորություն չի ունցել արտահայտվելու, անգամ վերջին խոսքը պաշտպանն ընթերցեց ու պարզվում է, որ այդ վերջին խոսքն ընթերցելու համար էլ նախապատրաստվում են նյութեր ու անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ասաց փաստաբանը:

Վերջում փատաբան Տիգրան Հայրապետյանն անդրադարձավ Կարո Եղնուկյանին՝ նշելով, որ դատարանը նշանակել է փորձաքննություն պարզելու համար Եղնուկյանը կարող է մասնակցել դատական նիստեին, թե ոչ:

Փաստաբանի խոսքերով եզրակացությամբ կարող է պարզվել, որ վերջինս որևէ առողջական խնդիր չունի. ‹‹Եթե նման բան լինի, սա կնշանակի, որ դատարաններն ու պետական կառույցները հստակ գնում են Կարո Եղնուկյանին դիտավորյալ հոգեբանական ճնշումներ գործադրելով սպանելու ճանապարհով››,- ասաց նա:

Մեկնաբանություններ