2018 թվականի մայիսին Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպությանը զեկույց է ներկայացրել, որի համաձայն՝ սույն թվականի ապրիլի 27-ին նա նախաձեռնել է երկաթյա և պողպատե արտադրանքների հանգամանալից հետազոտություն իրականացնել։ Հետազոտության գլխավոր նպատակն է՝ հսկել արտադրանքների ներմուծման ընթացակարգը, պարզել, թե արդյոք ներմուծվող արտադրանքների ծավալները չե՞ն վնասում երկրի էկոնոմիկային և արդյունաբերության աճին, ինչպես նաև այլ հիմնահարցեր։ Այս հետազոտության շրջանակներում ներմուծող, արտահանող և գործընթացին մասնակցող բոլոր կողմերը կարող են զեկույցներ ներկայացնել, իրենց տեսակետը հայտնել և քննարկել երկաթյա և պողպատե արտադրանքների ներմուծման հիմնախնդիրները։
Թուրքիան հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, ուստի, նա կարող է որոշ ժամանակով դադարեցնել ներմուծման գործընթացը, եթե հետազոտության արդյունքում հայտնաբերվի, որ այն վնաս է հասցնում պետությանը։
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է միջազգային առևտրում սահմանափակումները հանելու և անդամ երկրների միջև առևտրային-քաղաքական հարաբերությունները կարգավորելու նպատակով։ ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային պայմանագրերի մշակման և կնքման, ինչպես նաև այն պայմանագրերի կատարման հսկողության համար, որոնք ստորագրվել են աշխարհի երկրների մեծ մասի կողմից և հաստատվել այդ երկրների կառավարությունների կողմից: