Ստոմախինն ընդդեմ Ռուսաստանի 

Դիմումատուն՝ Բորիս Վլադիմիրովիչ Ստոմախինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ռուսաստանի Վսեսվյատսկայա գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն մեղավոր ճանաչելու և հինգ տարվա բանտարկության դատապարտելու վերաբերյալ՝ լրատվական կայքում Չեչնիայում տեղի ունեցած զինված հակամարտության մասին հոդվածներ գրելու համար։

Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դիմումատուն փորձել է ժողովրդին դրդել ատելության և իր հոդվածներում աջակցություն է ցուցաբերել ահաբեկչությանը և բռնությանը։ 2006 թվականի նոյեմբերին Դիմումատուն մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքներում։ Դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի հեղինակային հոդվածները հավասարազոր են ահաբեկչական դրսևորումների և ծայրահեղական գաղափարախոսության տարածմանը և խրախուսում են ազգային, ռասայական, կրոնական ատելությունը։ Դիմումատուն հերքել է ահաբեկչական և ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված լինելու համար իրեն առաջադրված մեղադրանքը և իր բողոքի մեջ նշել է, որ պարզապես արտահայտել է իր տեսակետը՝ Չեչնիայում տեղի ունեցող զինված հակամարտության և Ռուսաստանի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։

Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն 2007 թվականին Ռուսաստանի Վերաքննիչ դատարանը հաստատել է որոշումը։ Այսպիսով, Դիմումատուն դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Վերջինիս զրկել են նաև լրագրողի հավատարմագրման հնարավորությունից և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար երեք տարի ժամկետով արգելք են նշանակել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում, 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում և 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 12.500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։