Այսօր տեղի է ունեցել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման բացման ժամանակ երեխաներն անձամբ են հետաքրքրվել քննարկման մասնագետներից, թե ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ ծնողները հետևում են իրենց դպրոցում, բակում, բայց հաճախ մոռանում են համացանցում հետևելու մասին։
«Նորարարական տեխնոլոգիաների միջավայրը մեծ ազդեցություն է ունենում երեխաների կյանքի վրա բազմաթիվ առումներով` ստեղծելով հնարավորություններ եւ ռիսկեր նրանց իրավունքների ու բարեկեցության համար: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,- ասաց Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, «Կասպերսկի Լաբորատորիայի» և Երևանում Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ։
«Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցը ընդունվել է վերջերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից և պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար, տրվում են օգտակար, թեմատիկ ուղղորդումներ։
Միջոցառման ժամանակ զեկույցը ներկայացրել է ԵԽ Երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետ Ջուլիա Շիկլայը։