Եվրամիությունում բանակցում են Գլխավոր դատախազի թեկնածության շուրջ

Եվրամիության և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ: Նորաստեղծ կառույցի ղեկավարի ամենահավանական թեկնածուներից է Ռումինիայի նախկին գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուցա Կյովեշին: Նա համարվում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, երկրի հակակոռուպցիոն գործակալությունը նրա ղեկավարությամբ ավելի քան 1500 գործ է հարուցել, այդ թվում ազդեցիկ պաշտոնյաների՝ ներառյալ նախագահի եղբոր դեմ: Ռեկորդային թվով նախարարների, քաղաքական գործիչների և այլ պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից հետո Ռումինիայի իշխող կուսակցության ջանքերով Կյովեշին պաշտոնանկ է արվել:

ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների ցուցակից դուրս է մնացել ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Բոներտը՝ Ֆրանսիայում այլ պաշտոնում նշանակվելուց հետո:

Կյովեշիի թեկնածությանն աջակցել է Եվրախորհրդարանը, մինչդեռ ԵՄ խորհուրդը սատարում էր ֆրանսիացի թեկնածուին: Կյովեշիի նշանակմանը փորձում է խանգարել Ռումինիայի կառավարությունը, որին 2018 թվականին արդեն հաջողվել էր ազատել հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնից։ Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանն աջակցում է Կյովեշիին՝ կոռուպցիայի դեմ պայքարում, այդ թվում՝ Ռումինիայի ներկայիս իշխանությունների դեմ ուղղված նրա ջանքերի համար:

Մեկնաբանություններ