Իսրայելը ողջունում է Թել Ավիվում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելը ողջունում է երկրում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:

«Իսրայել Պետությունը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Այս որոշումը արտացոլում է նաև վերջին մեկ տարվա ընթացքում պետական հարաբերությունների զգալի առաջընթացը: Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր և կարևոր գլուխ է, և մենք վստահ ենք, որ սա է՛լ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում», – ասել է Կացը։

Նա ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը՝ Իսրայելում դեսպանություն բացելու կապակցությամբ և նշել, որ սա կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Բացման օրվանից Հայաստանի դեսպանատունը կլինի 90-րդ արտասահմանյան դեսպանատունը Իսրայելում: Անշուշտ, սա վկայում է աշխարհում Իսրայելի ամրապնդվող դիրքի կայուն աճի մասին: Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի միջազգային հարաբերությունների ամրապնդման և միջազգային դիրքի հաստատման ուղղությամբ», – հայտարարել է նախարարը։

Հիշեցնենք՝  կառավարությունը սեպտեմբերի 19-ին որոշել է, որ Հայաստանը դեսպանություն կստեղծի Իսրայելում, Թել Ավիվում։