«Դուք «ճխտել» եք հանրային պաշտպաններին, որ մենք լքենք նիստերի դահլիճը՝ մենք լքում ենք». «Սասնա ծռերը» պահանջում են իրենց պաշտպաների ներկայությունը 

Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Այսօրվա նիստին ներկա էին նաև «Սասնա ծռերի» 11 անդամները՝ վերջիններիս նկատմամբ նշանակված 10-ժամյա սանկցիան լրացել էր: Սակայ նիստին ներկա չէր Կարո Եղնուկյանը, ինչպես հայտնի է՝ նա հրաժարվում է նիստին ներկայանալ՝ առողջական խնդիրների վատթարացման պատճառներով: Արդեն մի քանի դատական նիստ է, ինչ ամբաստանյալները ներկա չէին, սակայն շարունակվում էր ապացույցների հետազոտման փուլը:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց վերջինիս հարազատների, բարեկամների և ԶԼՄ-ների հետ տեսակցության ու հեռախոսազանգերի արգելքը վերացնելու համար. «Անգամ չի կարողանում խոսել ինձ հետ՝ իր պաշտպանի»,- մանրամասնեց Տիգրան Հայրապետյանը:

Մյուս պաշտպանները ևս միացան վերջինիս միջնորդությանը. մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ համարելով, որ արգելքը վերացնելը կարող է խոչնդոտել արդար դատաքննությանը: Արդյունքում, դատարանը՝  Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, միջնորդությունը մերժեց:

Փաստաբանը ներկայացրեց իր երկրորդ միջնորդությունը, ըստ որի՝ միջնորդում էր դատարանին հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի՝ իբրև Կարո Եղնուկյանի պաշտպան, լիազորությունները  դադարեցնել, քանի որ վերջինիս գործի մեջ ներգրավվել է առանց Կարո Եղնուկյանի համաձայնությամբ: Անուշ Մխիթարյանը ևս միացավ միջնորդությանը. «Ես բազմիցս ասել եմ, որ դադարեցրեք իմ լիազորությունները, նույնիսկ դատարանի այս որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարանում, սակայն Վերաքննիչ դատարանը թողել է գործն առանց քննության»: Մեղադրողները առարկեցին միջնորդությանը, իսկ դատավորը հերթական անգամ մերժեց միջնորդությունը:

Նշենք, որ ասյօրվա դատական նիստին ներկա չէին պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը:  Փաստաբան Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Աշոտ Պետրոսյանը դիմեց դատարանին, որպեսզի հասկան, թե ուր է իր պաշտպանը, խնդրեց նիստը հետաձգել, որպեսզի վերջինս կարողանա ներկա լինել դատական նիստին. «Դուք հարային պաշտպաններին «ճխտել» եք այս գործի մեջ՝ հեռացնելով Արայիկ Պապիկյանին: Ո՞ւր է իմ պաշտպանը՝ ես մտահոգված եմ նրա բացակայությամբ»,- ասաց Աշոտ Պետրոսյանը, հավելելով, որ եթե իր պաշտպանը չներկայանա, ապա ինքը կլքի նիստերի դահլիճը:

« Ձեր գործողությունների մեջ դիտավորություն կա: Դուք «ճխտել» եք հանրային պաշտպաններին, որ մենք լքենք նիստերի դահլիճը՝ մենք լքում ենք»,-հայտարարեց նա, արդյունքում դատավորը դատական նիստի բնականոն ընթացքը խաղտելու համար Աշոտ Պետրոսյանի նկատմամբ 5 ժամյա սանկցիա կիրառեց: Մյուս ամբաստանյալները ևս լքեցին նիստերի դահլիճը՝ նրանց նկատմամբ ևս դատարանը 5 ժամյա սանկցիա կիրառեց:

Շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 1-ին:

Մեկնաբանություններ