Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային նպատակը միջազգային չափանիշներին և օտարերկրյա առաջադեմ փորձին համահունչ անձի իրավունքների հուսալի պաշտպանության ապահովումն է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հարցն առավել արդիական է դառնում, երբ խոսքը վերաբերում է քրեաիրավական և դատավարական հարաբերություններում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովմանը, քանի որ հենց այս ոլորտում են դրսևորվում մի շարք կարևոր իրավունքների առավելագույն սահմանափակումները: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ծրագրում արտացոլված  նպատակները ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանի Հանրապետության հանձնառությունը և պատրաստակամությունը մեր երկրում  մարդու իրավունքների եվրոպական չափանիշների շարունակական ամրապնդման և այս ոլորտում օրենսդրության և պրակտիկայի միասնականության ապահովման հարցում:  Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև այն լայնածավալ աջակցությունը, որը Ծրագրի շրջանակում ցուցաբերվել է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքրերի նախագծերի մշակման գործընթացում: «Ինչպես այս ծրագրի և դրան նախորդող ժամանակահատվածի համար, այնպես էլ ներկայում քրեական արդարադատության բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ քրեական արդարադատության բարեփոխումների համատեքստում կարևորելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին այս ծրագրի միջոցով Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումներին գործուն աջակցելու համար:

Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք: