Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կաշառք ստանալու մեջ մեղադրվող, նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատարանն այսօր հրապարակեց դատավճիռը։
Համաձայն դատավճռի Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, իսկ գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի նկատմամբ դատարանը որոշեց նշանակել տուգանք՝ 120 հազար դրամի չափով:
Դատավոր Վաչե Մարգարյանի խոսքից հետո Իշխան Բարսեղյանը դիմեց դատավորին, սակայն Վաչե Մարգարյանը հեռացավ նիստերի դահլիճից՝ չցանկանալով լսել Իշխան Բարսեղյանի խոսքը. «Կողքս 2 հատ մահճակալ կա ազատ տղա ջան, այսօրվա հերոսին խոստանում եմ՝ ինչքան բերանումս շունչ կա, մղձավանջի եմ վերածելու նման հանցագործի կեցվածքը»:
Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանին միջնորդել էր Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Էլզա Զաքարյանին նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:
Իշխան Բարսեղյանի պաշտպան Կարեն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իրենք անպայման բողոքարկելու են դատավճիռը։
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: