Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ, որոնցով ՀՀ ՀՔԾ-ում իրականացվում է նախաքննություն:
Վերոնշյալից բացի, սակայն, շարունակվող ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված թերությունների և բացթողումների, ինչպես նաև նրանց գործառույթների հետ կապված իրավական, ծրագրային և կազմակերպչական բնույթի խնդիրներ:
Պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունում առկա են ինչպես իրավական, այնպես էլ ծրագրային բնույթի բացթողումներ և թերություններ, որոնց հետևանքով կատարողական վարույթներով բավականին խոշոր գումարներ հնարավոր չի եղել բռնագանձել պետբյուջե:
Մասնավորապես ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը սահմանող ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ՊԵԿ-ից ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջ նախատեսված չի եղել, ինչի պատճառով նշված ժամանակաընթացքում տասնյակ հազարավոր պարտապաններ աշխատել են, ունեցել եկամուտ, սակայն հարկադիր կատարողները նրանց նկատմամբ բռնագանձման ենթակա գումարով վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտ չունենալու, ինչպես նաև պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով:
Բացի այդ, պարզվել է, որ ծառայության մշակած էլեկտրոնային եղանակով հարցման համապատասխան ձևում խիստ թերի են սահմանված իրավաբանական անձանց հաշվարկային հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված պատասխաններում հիմնական և դրամական միջոցների, հումք-նյութերի և դեբիտորական պարտքերի մասին տեղեկություններ ներկայացնելու կարգերը: Դրա հետևանքով հնարավոր չի եղել տվյալներ ստանալ պարտապան կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշիռներում առկա դրամական ակտիվների վերաբերյալ և գումարների բռնագանձման ուղղությամբ իրականացնել արդյունավետ կատարողական գործողություններ:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ԴԱՀԿ ծառայություն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություններում չեն ներառել կամ թերի են լրացրել կատարողական վարույթներ հարուցելու համար անհրաժեշտ, համապատասխան իրավական ակտերով նախատեսված պարտադիր տվյալները, կամ վարչական ակտերը կատարման են ներկայացվել ժամկետների խախտմամբ, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը մերժել է կատարողական վարույթների հարուցումը, և պետբյուջե չեն բռնագանձվել բավականին խոշոր չափերի գումարներ:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ խնդիրները պետական շահերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից հրատապ լուծման անհրաժեշտություն են առաջացնում՝ ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ոստիկանապետին: