Բուռն քննարկում ՓՊ-ում`«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 20-ից «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության կայքում քննարկման է ներկայացվել և բուռն արձագանք է ունեցել հասրակության մեջ:

Այսօր Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցում էին Հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ, փաստաբաններ, ազատամարտիկներ:    

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքերով` այս օրենքի նախագիծը թույլ է տալիս օրենքի ներկայացուցչին ներխուժել ընտանեկան միջավայր:

«Նախագծում կան որոշ ձևակերպումներ, որոնք կարող են խաթարել մեր ներընտանեկան անդորրը:  Այն ձևակերպումները, որոնք առկա են օրենքի նախագծի հիմնավորման մեջ, անձամբ ինձ չի համոզում»,- ասաց Ա․ Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանի խոսքերով` Արդարադատության նախարարության կողմից նախագծի ընդունումը պայմանավորված է այն բանով, որ բռնության դեպքերի թվի մեջ մեծ մասն են կազմում ընտանեկան բռնությունները. «Ճիշտ է, վիճակագրությունը փոքր է, բայց նախարարությունը վստահեցնում է, որ լատենտայնություն կա, թաքնված դեպքերը շատ են: Ով ունի դպրոցական երեխաներ, գիտի, որ երեխաները  իրար հետ կռվում են դպրոցում, այդ բռնությունները նույնպես թաքնված են, բուհերում առկա բռնությունները, բանակում բռնությունները, ԱԺ-ում բռնությունները, ոչ բոլոր բռնություններն են դառնում վիճակագրական տվյալ»,-ասաց նա վստահեցնելով, որ եթե բոլոր բռնություններն արձանագրվեն արձանագրվեն, ապա ընտանեկան բռնության վիճակագրական տվյալները աննշան թիվ կկազմեն:  

Արա Զոհրաբյանը հավելեց, որ ՓՊ-ն աշխատանքային խումբ է ստեղծել՝ նախագծի վերաբերյալ առաջարկություններ  ներկայացնելու նպատակով: Ըստ ՓՊ նախագահի`  Փաստաբանների պալատը 3 սցենար է կանխատեսում օրենքի նախագծի վերաբերյալ` առաջինը, որ օրենքի նախագիծը դուրս կգա շրջանառությունից, երկրորդը, որ նախագիծը կփոփոխվի հասարակական ճնշման, իրավական հիմնավոր ներկայացման արդյունքում և երրորդ` ոչ մի բան չի փոխվի, կմնա այն, ինչ ներկայում ունենք:  

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանի խոսքերով վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ ընտանիքներում գոյություն ունեն բռնության հետ կապված խնդիրներ, ուստի այս օրենքի նախագիծն ուղղված է այդ ընտանիքներում առկա խնդրի կարգավորմանը. «Այս ամենը պետք է բխի ընտանիքի վերականգնման շահից»,-ասաց նա:

ՓՊ անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը մտահոգիչ համարեց օրենքի նախագծի ընդունումը, քանի որ վերջինս ոչ թե ուղղված է ընտանիք միավորելուն, այլ հակառակը` քայքայելուն: Նա մտահոգիչ համարեց նաև ենթադրյալ տուժածին ապաստարան տեղափոխելու հարցը. «Օրենքով որևէ կերպ չի նախատեսում ապաստարան տեղափոխված անձի հետ 6-9 ամիս հետո` ի՞նչ է լինելու»,-ասաց իրավաբանը մեջբերում անելով նախագծից, ըստ որի` ապաստարանում գտնվող անձը իրավունք չունի իր գտնվելու կորդինատները հայտնել ինչ-որ մեկին.  «Արդյո՞ք սա ռիսկեր չի ավելացնում, որ ենթադրյալ բռնության ենթարկվողը բռնության չի ենթարկվի ապաստարանում»:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանի խոսքով, եթե այս օրենքն ընդունվի, ապա  ծեծի փաստը արձանագրվելուց հետո օրենքի ներկայացուցիչը հաշվի չի առնելու, թե ի՞նչ պատճառով է ընդանիքում բռնություն գործադրվել. «Անգամ ապտակը այս օրենքի նախագծի համաձայն համարվում է բռնություն, դիտավորությամբ պատճառված ֆիզիկական ցավ են գրել, ապտակն էլ ոչ ոք չի ասում, որ դիտավորությամբ չի արվում կամ ֆիզիկական ցավ չի պատճառում: Ոստիկանը հնարավորություն է ստանում պաշտոնական նախազգուշացման որոշումից հետո ձեր կյանքը դժոխքի վերածելու: Օրվա ընթացքում որքան ուզենա նա կարող է այցելել ձեր տուն` իրավունք չունեք թույլ չտալ, քանի որ դրա համար պատասխանատվություն է նախատեսվում: Կարող է այդ պահին աշխատանքային ընկերներով հավաքույթ ունենաս՝ մտնի ասի՝ հը՞, էսօր հո կնգադ չե՞ս ապտակել, կամ տղայիդ ականջը հո չե՞ս ձգել»,-ասաց լրագրողը նշելով, որ նախագիծը հնարավորություն է տալիս վատություն անել, հաշվեհարդար տեսնել` հարևանը կարող է տեսնել, որ դու երեխայիդ ականջը ձգում ես և զանգի ոստիկանություն` ընտանեկան բռնության դեպք ձևակերպելով. «Այս օրենքի նախագիծը պետք է փաթաթել և աղբը նետել»:

«Միանշանակ պետք է ընդունել, որ որևէ մեկը որևէ տեսակի բռնության կողմ չէ: Ի՞նչ տարբերություն` բռնությունը որտե՞ղ է կատարվում՝ պառլամենտում, ընտանիքում, եկեղեցում: Վերոնշյալի վերաբերյալ կա Քրեական օրենսգիրք: Սխալ լույսի ներքո են օրինագիծը ներկայացնում հանրությանը` մի՞թե ընտանիքը միայն կինն է, կամ միայն տղամարդն է, կամ միայն երեխաներն են: Ինչո՞վ է երեխայի շահը առաջնահերթ քան հոր շահը, մոր շահը կամ տատիկ-պապիկի շահը: Ինձ համար օրենքի փիլիսոփայությունը սխալ է` երեխայահենք ուղղություն տալով, ուզում ենք մարդասիրական պատկեր ստեղծել: Բայց չէ ո՞ր եթե հղի կնոջ առողջությանը վտանգ է սպառնում, առաջնահերթ մտածում ենք կնոջ առողջության մասին, այլ ոչ թե պտղի»,- քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Մայր Աթոռ»-ից Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշելով, որ ամենուր տոտալ բռնություն է տիրում:  

Գրող,հրապարակախոս Լիա Այվազյանն էլ նշեց, որ նախագծում առկա հիմնավորումներն անհեթեթ են և չեն համապատասխանում ազգային արժեքներին. «Սա պռովոկացիա է ազգի դեմ` բոլորին լարում են բոլորի դեմ», -ասաց նա:   

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ ցանկանում  է, որ օրենքը չդիտարկվի  այնպես, որ հանգեցնում է  ընտանիքները քանդելուն, այլ հակառակը: Մեջբերում արեց քրեական գործերից՝ կացնահարված Մանսուրյանների ընտանիքի դեպքին. «Ամիսներ շարունակ ամուսինը դարանակալում էր կնոջը, անընդհատ գալիս էր, հոգեբանական ճնշման էր ենթարկում, հարձակումներ էր գործում և ոստիկանությունը չէր կարողանում խոչնդոտել, ասում էին, որ  նրա ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, չենք կարող ասել մի կանգնիր, արդյունքում եղավ կացնահարությու»,- ասաց նա նշելով, որ նախագծի ընդունում կնպաստի, այդպիսի դեպքերի նվազմանը:

«Եվրոպայացավ ենք կպել, այն էլ այն Եվրոպայի, որտեղ հայրն ամուսնանում է  աղջկա հետ, եղբայրը՝ քրոջ: Սա ենք ուզո՞ւմ»,- իր խոսքում ասաց ազատամարտիկ  Սամվել Ղազումյանը` կոչ անելով ստեղծել նոր «Սասնա ծռեր», և այս անդամ թիրախում լինի Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ազատամարտիկը նաև կարծիք հայտնեց այն մասին, որ օերնքի նախագծին կողմ արտահայտվող մարդիկ կաշառված են: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջամտեց. «Ի՞նչ կապ ունի «Սասնա ծռեր»-ը, ինչո՞ւ եք բռնության կոչեր անում»:

Բուռն վիճաբանություն սկսվեց դահլիճում ներկա գտնվողների միջև, ինչի արդյունքում նույնիսկ անձնական բնույթի վիրավորանքներ հասցրին փաստաբանին:

Ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյանն անդրադարձավ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի բերած կացնահարման դեպքին, հավելելով, որ անձամբ ճանաչում է վերոնշված ընտանիքին. «Հենց այս օրենքի կետի հիման վրա է դա տեղի ունեցել, հորը չեն թողել գնա իր երեխային տեսնի` ճարահատյալ քայլ է արել, ոստիկանությունով բանով դրել նեղել են այդ տղային, թող չարգելեին երեխուն տենար: 100 մետրի օրենքն էլ դնեք՝ ավելի են շատանալու կացնահարման դեպքերը»,-իր  վրդովմունքն հայտնեց ազատամարտիկը:

Նշենք, որ քննարկմանը հրավիրված էր նաև ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ, որը չէր եկել:

Նյութը` Ազնից Սիրադեղյանի

Մեկնաբանություններ