Լրատվական կայքերից մեկում հուլիսի 18-ի հրապարակումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առնչությամբ տենդենցիոզ է ու անհիմն:
Ակնհայտ սուտ է, որ Գագիկ Հարությունյանը խափանում է ԲԴԽ անդամ դատավորների դատական նիստերի գրաֆիկը:
Ակնհայտ ապատեղեկատվություն է, որ ԲԴԽ նախագահը «շատ արագ կազմակերպում է» մարզերի ու Երևանի դատարաններում նոր դատավորների նշանակման հարցը: Նման դատողությունները պարզապես Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածների պահանջների չիմացության արդյունք են:
Ապատեղեկատվություն է նաև, որ «դատավորների ընտրությունը կատարվում է ոչ օբյեկտիվ` խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով»:
ԲԴԽ-ն որևէ հարցում շտապողականություն չի դրսևորում, այլ գործում է բացառապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խստագույն պահպանմամբ:
Այսպես կոչված «հետևությունները» մտացածին են ու չարակամության դրսևորում:
Տեսանյութի նման մոնտաժմամբ «հարմարեցումը» հեղինակի մտասևեռումներին` ամբողջ շարադրանքի տրամաբանական շարունակությունն է: Ի դեպ, հնչեցված «համարժեք միջամտությունը» վերաբերել է ոչ թե մարտի 1-ին, այլ դրանից տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ առնվազն երկու անգամ հենց Հարությունյանի ակտիվ միջամտությամբ հնարավոր են եղել կանխել մեծ արյունահեղության վտանգները:
Պարզապես ափսոսանք ենք հայտնում, որ նման ապատեղեկատվություն է տարածվում:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն