Դատարանը քննում է Կարո Եղնուկյանի խափանման միջոցի փոփոխման հարցը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Հավելենք, որ նիստը մի քանի ժամով ընդմիջվել էր, քանի որ ամբաստանյալներին ՔԿՀ-ներից դատարան չէին տեղափոխել։ Նիստի մեկնարկին Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու։ Պաշտպանը հիշեցրեց Կարո Եղնուկյանի հիվանդությունների մասին, հավելեց, որ վերջիններիս պատճառով իր պաշտպանյալը չէր կարողանում նիստերին ներկա գտնվել և, որ ամեն անգամ շտապ օգնություն էր հրավիրվում դատարան, սակայն ըստ բժշկական հետազոտության արդյունքի` հիվանդությունները չեն կարող խոչընդոտել Եղնուկյանի դատական նիստերին մասնակցելուն։

«Նրա մեղադրանքում չկա քրեորեն պատժելի արարք, անգամ եթե դա հաստատվի։ Հիշեցնենք, որ մեղադրանքում չկա հստակ պարզաբանում, ամբողջն անհիմն է և անհեթեթ է։ Մենք հավատում ենք, որ դատարաններն այսուհետ ազատ են և կաշկանդված չեն որևէ իշխանությունից, ուստի միջնորդում ենք վերացնել խափանման միջոց կալանքը կամ փոփոխել ստրոգրություն՝ երկրից չհեռանալու վերաբերյալ»,- իր միջնորդության մեջ նշեց պաշտպանը։

«Ես համաձայն եմ փաստաբանի միջնորդեւթյանը։ Մեղադրող կողմը այս 2 տարվա ընթացքում կրկնում է օրենքն առանց որևէ հիմնավորման. կարող է փախուստի դիմել, ազդել քննության վրա, ազդել վկայի վրա և այլն, բայց չկա հիմնավորում, որ նախկինում արել եմ և կարող եմ կրկին անել։ Երբ որ մարդն անազատությամ մեջ է՝ չհիմնավորված, ապա նա քաղբանտարկյալ է»,- ասաց Կարո Եղնուկյանը, հավելելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացվել է անհիմն։ Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը։ Մեղադրողներից Հակոբ Ենոքյանը միջնորդության առնչությամբ ասաց. «Կարո Եղնուկյանի կալանքի առնչությամբ մինչ օրս կայացված որոշումներն ապօրինի չեն եղել: Որպես կալանքը պահպանելու հիմք՝ դիտարկվում է քննությանը խոչընդոտելը և քննությունից թաքնվելը: Արձանագրումն ենք, որ այս պահին, ըստ այսօր ներկայացված փաստաթղթի, առողջական վիճակով պայմանավորված՝ նվազել է քննությանը խոչընդոտելու հանգամանքը, ինչը նախկինում չկար: Ուստի կարող ենք դիտարկել խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որովհետեւ գրավը զսպող գործոն է: Կարծում ենք՝ հնարավոր չի լինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, եթե կալանքն առհասարակ վերացվի՝ առանց գրավի»,- ասաց նա հավելելով, որ սա քաղաքական գործընթաց չէ, այլ դատավարություն, և ամեն ինչ պետք է գտնվի իրավունքի տիրույթում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի 15։30-ին։