Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Հայաստան ժամանած ավստրիացի իրավաբանների պատվիրակությանը

Ուսումնական և ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությունը Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին,  իր առաջին հանդիպումն ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Պատվիրակության կազմում են դատավորներ, դատախազներ, իրավաբան-գիտնականներ: Այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալ հայաստանյան դատական համակարգին, տարբեր դատարաններում մասնակցել դատական լսումների:

Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրեց Խորհրդի գործունեության սահմանադրական հիմնական առաքելությունը, լիազորությունների շրջանակը, հայաստանյան եռաստիճան դատական համակարգի մոդելը, ինչպես նաև տարբեր ատյաններում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերին՝ առանձնացնելով մասնավորապես Դատական նոր օրենսգրքով սահմանաված Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կարգը, ինչը, որպես նոր ձևաչափ, նպատակ ունի հանրությանը ևս մասնակից դարձնել այդ գործընթացին:

ԲԴԽ նախագահը մանրամասն անդրադարձավ նաև պատվիրակության դատավոր, դատախազ անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Խորհրդի ձևավորման ընթացակարգերին, այնպես էլ դատավորների գնահատման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին, հայաստանյան դատարաններում կանանց և տղամարդկանց տեսակարար կշռի հարաբերակցությանը:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկան համար:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ավստրիայի պատվիրակության բոլոր անդամներին հանձնվեցին  Գագիկ Հարությունյանի, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների  համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:

Հանդիպմանը ներկա էին նաև ԲԴԽ դատավոր-անդամներ  Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արմեն Բեկթաշյանը, գիտնական-անդամներ Սերգեյ Մեղրյանը, Հայկ Հովհաննիսյանը:

Բարձրագույն դատական խորհրդի հետ ավստրիացի իրավաբանների պատվիրակության հետ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս այս տարվա հունիսին՝ Բարձրագույն  դատական խորհրդի և Ավստրիայի դեսպանի հանդիպման ժամանակ՝ վերջինիս առաջարկով:

Մեկնաբանություններ