Արժույթի միջազգային հիմնադրամը 3.9 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Ուկրաինային

Ուկրաինայի կառավարությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել՝ երկրին 14 ամիս ժամկետով 3.9 մլրդ դոլարի չափով նոր վարկի տրամադրման հարցի շուրջ: Այս մասին հաղորդել է ԱՄՀ մամուլի ծառայությունը:ԱՄՀ քարտուղարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նոր վարկային ծրագիրն ապահովում է մուտք դեպի 2.8 մլրդ SDR (ԱՄՀ-ի հատուկ հաշվարկային միավոր, որը համարժեք է 3.9 մլրդ ԱՄՆ դոլարին) և նախատեսում է 2019 թվականին ապահովել Ուկրաինայի տնտեսական կայունությունը:

Ավելի վաղ, հայտարարվել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարել Ուկրաինայի հետ՝ երկրին հերթական վարկ տրամադրելու հարցի շուրջ: Միջազգային կազմակերպությունը և Ուկրաինայի իշխանությունը որոշել են դադարեցնել նախորդ հինգամյա վարկային ծրագիրը և Ուկրաինային «Ստենդբայ» ստանդարտ նոր վարկ տրամադրել: ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը նոր վարկ հատկացնելու համար մի շարք պահանջներ է առաջադրել Ուկրաինային:

ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային նոր վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը 23.5%-ով բարձրացրել է բնակչության համար գազի սակագինը: Նոր գները կգործեն այս տարվա նոյեմբերի 1-ից, իսկ 2019 թվականի գարնանը նախատեսված նախագահական ընտրություններից հետո բնակչության համար գազի սակագները պետք է բարձրանան ևս 15%-ով։

Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանն այս կապակցությամբ հայտարարել է, որ հասկանում է, թե ինչ դժվարություններ կառաջացնի այս որոշումը յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի համար, սակայն նշել է, որ գազի գնի բարձրացումը ԱՄՀ փորձագետների հետ ձեռք բերված համաձայնության միակ զիջումն է։

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային հատկացված նախորդ վարկային ծրագիրը գործում է 2015 թվականից: Ծրագրի գործողության ժամկետը լրանում է 2019 թվականի ապրիլին։ Ծրագրով նախատեսված էր 17․5 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային, որից Ուկրաինան արդեն ստացել է 8․7 մլրդ դոլար: Սակայն նոր վարկային ծրագրի մասին կնքված համաձայնությունը դադարեցրել է նախորդի գործողությունը: