ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված` սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացավորմանը։
Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ, այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ֊ներից մեկում ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը հայտարարություն էր տարածել , ըստ որի՝ որ ոստիկանների կողմից իր նկատմամբ անօրինական վերաբերմունք է ցուցաբերվել: Նրա խոսքով՝ ինքն ընկերուհու հետ բնակարան է վարձակալել Արցախում: Փետրվարի 1-ին ուշ երեկոյան քաղաքով զբոսնելու ժամանակ, Ասյայի պնդմամբ, երեք ոստիկան է նրան մոտեցել և զգուշացրել, որ Ստեփանակերտում ծխելով և կապույտ մազերով չպետք է քայլել, ապա ֆիզիկական և հոգեբանական ճնշման են ենթարկել, ապա տարել բաժին, ծեծի ենթարկել, և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: