Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը:Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը՝ կարևոր միջոցառումը կազմակերպելու համար:

Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, այն որակել է աննախադեպ և պատմական ու նշել, որ այդ օրերին հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։

«Ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը: Երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության սկզբունքները: Արդյունքում այս տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությանը, և ձևավորվեց համաձայնության Կառավարություն: Եվ այսօր ես՝ որպես ժողովրդի կողմից ձևավորված Կառավարության անդամ, մեծ պատասխանատվություն եմ ստանձնել նյութականացնել և կյանքի կոչել այն դրական էներգիան, որն առկա էր այս տարվա գարնանը Հայաստանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Արտակ Զեյնալյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ որպես կարևորագույն քայլ անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչը առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի. պետական համակարգի բոլոր օղակները ևս պետք է հեղափոխվեն և վերափոխվեն։

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ խիստ անհրաժեշտ է հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների, համակարգի վերակառուցման մեջ։ Նրա խոսքով՝ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:

«Անհրաժեշտ է ստեղծել սպասելիքների կառավարում՝ հանրությանը տալով իրատեսական փոփոխությունների ցանկ, իրատեսական ժամկետներով։ Սա կարևոր է, քանի որ շատերը սպասում են անթերի որոշումների և բացառապես դրական արդյունքների, ինչը շատ պարտավորեցնող է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ երկրում տեղի ունեցող բարեփոխումներում կարևորելով քաղաքացիական հասարակության, բիզնեսի անմիջական մասնակցությունը և սատարումը:

Նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է նաև ևս մեկ կարևոր գործոն, որը նպաստում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական էներգիայի նյութականացմանը և դրա կյանքի կոչելուն. դա հանրության առջև հաշվետվողականության, թափանցիկության, բաց գործելու Կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեղափոխության օրերին, ինչպես նաև համաձայնության կառավարության ձևավորումից հետո սոցիալական ցանցերը մեծ դեր և նշանակություն են ունեցել հեղափոխական ուժերի և ապա նաև Կառավարության կողմից հասարակության առջև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման տեսանկյունից, ինչն էականորեն նպաստել է Հայաստանում ժողովրդաիշխանության ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև այդ փողոցային պայքարի դրական էներգիան կառավարման համակարգին հասցնելուն և իրականացվող բարեփոխումներին ժողովրդի անմիջական մասնակցությունն ապահովելուն:

Ելույթի ավարտին նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Կառավարությունը փորձում է նորարարական էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմամբ պայքարի դրական էներգիան վերածել կառավարման գործընթացին հասարակության անմիջական մասնակցայնությանը:

Այցի շրջանակում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հանդիպումներ է ունեցել Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակ Մուն Հի-Սանգի, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Լի Յոնգսանի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադհանի, Հարավային Կորեայի Ներքին գործերի և անվտանգության նախարար Կիմ Բու Քյումի, Մոնղոլիայի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Գոմբոժավին Զանդանշաթարի, Ղրղզստանի արդարադատության նախարար Մարատ Ջամանկուլովի, ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մեկնաբանություններ