Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը: Այդ համատեքստում, Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Գործակալության աջակցությունը Հայատանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և համատեղ իրականացված ծրագրերը որակել է հաջողված:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Նախարարության առաջնահերթություններն ու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից դրանց աջակցելու հնարավորությունները: Մասնավորապես՝ գործընկերներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի բարելավմանը, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքների բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող մի շարք հարցերի:

Նախարարի առաջին տեղակալը, խոսելով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունից, նշել է, որ այն համագործակցության լավագույն օրինակներից է, որը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից հետո ոչ միայն մշակել է օրենսդրական ամենակարևոր նախագծերը, այլև հարթակ է եղել դրանց վերաբերյալ հանրային բազմաթիվ քննարկումներ իրականացնելու համար:

Սոկոլովսկին նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հավատարիմ է իր հանձնառությանը աջակցելու Հայաստանի կառավարությանը` հասնելու կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների`  կոռուպցիոն ռիսկերը մեղմելու, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մեկնաբանություններ