Արդարադատության միջազգային դատարանի դատավոր է նշանակվել միջազգային իրավունքի պրոֆեսոր Ճապոնիայից

Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում անցկացված զուգահեռ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր է ընտրվել Յուջի Իվասավան։ Նորանշանակ դատավորն ազգությամբ ճապոնացի է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Այս արտահերթ ընտրությունները պայմանավորված են 2009 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր նշանակված Հիսասի Օվադայի վաղաժամ հրաժարականով։ Վերջինս նույնպես ազգությամբ ճապոնացի է։ 85-ամյա նախկին դատավորի որոշումը պայմանավորված է իր տարիքով և այն առիթով, որ վերջինիս դուստրը շուտով դառնալու է Ճապոնիայի կայսրուհի:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նորանշանակ դատավորը՝ Յուջի Իվասավան, ծնվել է 1954 թվականին, ավարտել է Տոկիոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հարվարդի իրավաբանական դպրոցը: 2005 թվականից Յուջի Իվասավան աշխատում է Տոկիոյի համալսարանում՝ որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր: Նոր դատավորի լիազորությունները կդադարեցվեն 2021 թվականի փետրվարի 5-ին՝ նրա իրավանախորդի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորի քվեարկությունն իրականացվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Գլխավոր ասամբլեայի կողմից միաժամանակ: Դատավորի քվեարկությունն անցկացվում է երկու մարմինների կողմից զուգահեռ, սակայն միմյանցից անկախ: Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի Անվտանգության Խորհրդի և Գլխավոր ասամբլեայի ձայների բացարձակ մեծամասնությունը։

Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի ներկայիս 193 անդամ պետություններն ունեն քվեարկելու իրավունք: Համապատասխանաբար, Գլխավոր ասամբլեայում բացարձակ մեծամասնությունը կազմում է 97 ձայն: Անվտանգության Խորհրդում բացարձակ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 8 ձայն: Դատավորի ընտրությունների քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական ​​անդամ պետություններն ունեն հավասար իրավունքներ: Սա նշանակում է, որ Անվտանգության Խորհրդի ոչ մի անդամ պետություն չունի վետոյի իրավունք:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական մարմիններից է, որը հիմնադրվել է 1945 թվականի հունիսին և սկսել է գործել 1946 թվականի ապրիլից։ Դատարանը տեղակայված է Հաագայում` Խաղաղության պալատում։ Միջազգային Դատարանը կազմված է 15 անկախ դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի  Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգության Խորհուրդի կողմից ինը տարով: Այն լուծում է անդամ միջև ծագած իրավական վեճերը և տալիս է խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացված գործակալություններին:

Մեկնաբանություններ