Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ զրույցում ընդգծեցի հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը. Արտակ Զեյնալայան

«Ցանկանում եմ հանդիպումներով լի շաբաթից մի քանի մանրամասներով կիսվել ձեզ հետ: Հունիսի 18-20-ն աշխատանքային այցով գտնվել եմ Ֆրանսիայի Հանրապետությունում: Հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:

Քննարկեցինք տարբեր հարցեր՝ ԵԽ-Հայաստան Գործողությունների 2019-2022 ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներ, ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներն ու դրանց կատարման ընթացք, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումներ:

Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ զրույցում ընդգծեցի հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշեցի, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա: Վենետիկ կատարած այցիս և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպմանս մանրամասներին կանդրառնամ առաջիկա օրերին»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: