Ավելի քան 20 անվանակարգ. ամփոփվեցին «ArmSecurity-2017» միջազգային ցուցահանդեսի արդյունքները

Սեպտեմբերի 2-4-ը «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, անցկացվեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվում էր նաև «Քաղաքացիական պաշտպանություն և անվտանգություն» մրցույթը: ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով՝, որն ամփոփել է մրցույթի արդյունքները, դիպլոմներ և մրցանակներ հանձնել հաղթողներին:

Մրցութային ծրագրով սահմանվել էր շուրջ 20 անվանակարգ (հատուկ տեխնիկական և կապի միջոցներ, ազդանշանային, մոնիթորինգի, զննման և հակահրդեհային համակարգեր, հրդեհաշիջման տրանսպորտ, աղետների բժկություն և այլն), ինչպես նաև հատուկ մրցանակներ՝ ցուցահանդեսի կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների համար:

Սահմանված անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել թե հայկական, թե արտերկրից ներկայացված կազմակերպություններ (Ռուսաստանի Դաշնություն, Լեհաստան, Չինաստան, Խորվաթիա):

Ցուցահանդեսի մասնակիցների վկայությամբ՝ այն արդյունավետ հարթակ էր անվտանգության ոլորտի արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու համար ու նպաստեց օգտակար գործարար կապերի հաստատմանը:

Մեկնաբանություններ