ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված
կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր
տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը: Նյութերին նախապատրաստմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 10-ին «Զվարթնոց
Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» և «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան
մասնաճյուղ» ընկերությունների միջև կնքվել է ծառայությունների մատուցման
պայմանագիր: Համաձայն վերջինիս՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է
ամսական 13888 ԱՄՆ դոլար վճարել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը՝
«Քաթար Էյրվեյզ» ընկերության կանոնավոր չվերթների տոմսերի ավելացմանն
ուղղված մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար: Պարզվել է, որ
նշված ընկերությունների համապատասխան աշխատակիցներն իրավասու չեն եղել
կնքելու նշված պայմանագիրը՝ առանց «Քաթար Էյրվեյզ» ընկերության գիտության և
թույլտվության: Առկա են տվյալներ, որ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան
մասնաճյուղի» նախկին տնօրենը պայմանագիրը կնքելու փաստը թաքցրել է «Քաթար
Էյրվեյզ» ընկերությունից, քանի որ անձնական բիզնես շահեր է ունեցել
«Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում:
2016թ. մայիսից մինչև 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց
Հենդլինգ» ընկերությունը համապատասխան հարկային հաշիվների հիման վրա
«Կոլբորն Ասսեթ Մենեջմենթ» ընկերությանը վճարել է 242.335 ԱՄՆ դոլլարին
համարժեք 116.440.103 ՀՀ դրամ գումար, սակայն կատարված աշխատանքների
վերաբերյալ կատարողական ակտեր չեն կազմվել, աշխատանքները կատարելու
հանգամանքը որևէ կերպ չի հիմնավորվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել
առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց
լիազորությունները չարաշահելու, «Քաթար Էյրվեյզ» ընկերությանն առերևույթ
գույքային և գործարար համբավին վնաս պատճառելու մասին, դեպքի առթիվ 2018թ.
օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ
հոդվածի 1-ին մասով հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է
ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով: