Այսօր Փաստաբանների պալատի նախագահի ընտրություն է. փաստաբանական համայնքը նախագահ է ընտրում:
1852 արտոնագրված փաստաբաններից նախագահի թեկնածություն է ներկայացրել միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ մեծամտական կարծիք չի հայտնել, ինչը կստիպեր մյուս փաստաբաններին թեկնածություն չդնել:
«Այն գործընկները, որոնք գտնում էին, որ ես բացասական գործունեություն եմ ծավալում, պետք է առաջադրեին իրենց թեկնածությունը՝ ի հակակշիռ այս իրավիճակի: Թեկնածու կարող էին առաջադրվել այն փաստաբանները, որոնք ունեին 10 և ավելի տարի մասնագիտական ստաժ: Մենք բազմաթիվ նման փատաբաններ ունեինք այդ պայմանին բավարարող, բայց այսօր փաստ է, որ որևէ մեկը չառաջադրվեց»:
Հատկանշանակ է, որ ՓՊ նախագահի ընտրությունից շաբաթներ առաջ, մոտ 200 փաստաբաններ բողոքի ակցիայի հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես ասվում էր.
«Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին մեր անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների և պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները»:
Բողոքի ակցիային միացած մի խումբ փաստաբաններ այսօր բոյկոտեցին ընտրությունը և չեն մասնակցի քվեարկությանը: Նրանց մեջ է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր Փաստաբանական պալատը վեր է ածվել իր նպատակներից շեղված ձևական գործող ինչ-որ միավորման:
«Խնդիրներն իրականում խորքային են, գալիս են թե՛ փաստաբանական մեկ կառույցի մենաշնորհից և թե՛ այդ կառույցում մեկ անձի միահեծան իշխանությունից։ Այսօրվա ընտրությունը կգա ապացուցելու այդ կառույցի աշխատանքի ձևականությունն ու նաև ընտրության ձևականությունը։ Պալատում հերթեր են լինելու, հեռավոր մարզերից Երևան ընտրության ժամանող փաստաբանների ստվար խմբեր են գալու։ Պալատի վարչական ռեսուրսը կազմել է ընտրության եկողների ցուցակները, կատարվել են բազմաքանակ հեռախոսազանգեր, հանդիպումներ խոշոր գրասենյակների ղեկավարների հետ։ Բոլորը գիտեն, որ «շառ ու փորձանքից» խուսափելու համար, ինչ-որ մեկի «խաթեր» պետք է գնալ ընտրության, իսկ չգնալը հիշվելու է երկար։
Հաշվի առնելով Արա Զոհրաբյանի լիակատար պաշտպանությունը դատական համակարգի կողմից, երբ նա անպատիժ կարող է կամայականորեն կարգապահական պատասխանատվության ենթարկել կամ չենթարկել ցանկացած փաստաբանի, ապա իրավիճակը դառնում է հասկանալի»:
Արա Զոհրաբյանն անգամ տեղյակ չէր, որ 200-ից ավել փաստաբան բոյկոտել է այսօրվա ընտրությունը: Վերջինիս դիտարկմամբ, 1852 փաստաբանի դժվար է կառավարել, քանի որ բոլորն էլ բարդ մարդիկ են, ունեն իրենց սկզբունքներն ու տեսակետները:
«Իմ կարգավիճակն ինձ ստիպում է, որ ես լինեմ ավելի հանդուրժող, սեփական շահերս ստորադասեմ ընդհանուրի շահերից: Այս առիթով առաջիկայում համերաշխության կոչ կներկայացնեմ և կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի այն գործընկերները, որոնք ինչ-որ բանից վիրավորված են Փաստաբանների պալատից կամ ինձնից, գան դեպի ընդհանուր շահ»:
Հանձնաժողովի անդամ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՓՊ խորհրդի անդամների ընտրությունն ավելի բուռն են անցել, քվերակությունը մասնակցել է մոտ 1200 փաստաբան:
«Այս պահի դրությամբ քվեարկել է մոտ 600 փաստաբան, ինչն էլ նշանակում է, որ քվեարկողների 1/3-ը մասը լրացել է և, եթե «կողմ» ձայները գերակշռեն, ապա գործող նախագահ Արա Զոհրաբյանը կշարունակի ղեկավարել ՓՊ-ը: Փաստաբանական պալատը միակ կառույցն է, որտեղ ընտրության ժամանակ չկան կեղծիքներ, չկան կոռուպցիոն դեպքեր՝ արտոնագիր ստանալու համար: Արա Զոհրաբյանը Փաստաբանական պալատի նախագահի լավագույն թեկնածուն է»:
Այն հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրել իր թեկնածությունը, փաստաբան Հայրապետյանը համեմատությամբ փորձեց պատասխանել. «Ճիշտ չի լինի, որ խաղացող ֆուտբոլիստին հանեն-դնեն մարզիչ»:
Փաստաբանական պալատում նախագահի ընտրությունը կշարունակվի մինչև ժամը 18:00-ն, որին անմիջապես կհաջորդի քվեարկության ամփոփումը:
Ռոզա Վարդանյան