Արա Զոհրաբյանը կշարունակի նախագահել Փաստաբանների պալատում

Առավոտյան ժամը 09:00-ից ՀՀ Փաստաբանական պալատում մեկնարկեց ՓՊ նախագահի ընտրությունը։ Արտոնագրված 1852 փաստաբաններից այսօր տարբեր մարզերից ընտրության էր եկել 1087-ը։
Ընտրության ժամանակ արտառոց դեպքեր չեն եղել, սակայն անթույլատրելի սխալներ այնուամենայնիվ պատահել են։ Քվեարկության խցիկում երբեմն-երբեմն մեկից ավելի մարդ էր հայտնվում, որն իր ներկայությունը բացատրում էր այսպես՝ «շտապում եմ, իմ հերթին եմ սպասում» ։ Քվեարկության սենյակում գտնվող սեղանին հայտնվել էր Արա Զոհրաբյանի նախընտրական ծրագիրը, ինչին ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասաց, որ պատահական է հայտնվել այդտեղ։
Ժամը 18:00-ին ավարտվեց քվեարկությունը, իսկ մոտ մեկ ժամից սկսվեցին ամփոփվել տվյալները։
Հիշեցնենք, որ 2 հարց էր դրված քվեարկության՝ Փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի շարադրանքը փոփոխելու եւ ՓՊ նախագահի ընտրության։ Առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը։
Սկզբում ամփոփվեցին կանոնադրության 1.5 կետի փոփոխման քվեարկության արդյունքները.

Կողմ՝ 1041
Դեմ՝ 25
Անվավեր՝ 19
Սահմանված ձեւին չհամապատասխանող՝ 2

Ձայների առավելագույն թվով ընդունվեց ՀՀ Փաստաբանական պալատի կանոնադրության մեջ 1.5 կետը փոփոխելու հարցը։ Այսուհետեւ Փաստաբանական պալատը կունենա նոր հասցե՝ Զաքյան 2-ը կփոխարինվի Զաքյան 7-2-ով։
Մի փոքր ընդմիջումից հետո սկսվեց ՓՊ նախագահի ընտրության քվեաթերթիկների ամփոփումը։ Ձայների մեծամասնությամբ նախագահի պաշտոնում վերընտրեց Արա Զոհրաբյանը.

Կողմ՝ 1002
Դեմ՝ 69
Անվավեր՝ 14
Սահմանված ձեւին չհամապատասխանող՝ 2

Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել էր, որ Փաստաբանական պալատում տիրող անառողջ մթնոլորտը կփորձի կարգավորել եւ առաջիկայում հանդես կգա համերաշխության կոչով։
Վերջում հավելենք, որ անվավեր քվեաթերթիկները զերծ չէին մնացել զավեշտից։ Մասնավորապես, ձայներ էին տրվել Վարդգես Գասպարիին, հումորային գրառումներ արվել քվեաթերթիկներին եւ այլն։

Ռոզա Վարդանյան