Դիմումատուն՝ Անահիտ Մկրտչյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1952 թվականին և բնակվում է Հայաստանի Բաղրամյան գյուղում: Գործը վերաբերում զինվորական ծառայության ընթացքում Դիմումատուուի 22-ամյա որդու` Արայիկ Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ իշխանությունների իրականացրած հետաքննությանը։ Բանակ զորակոչվելուց ընդամենը մեկ տարի անց՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, Դիմումատուի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում՝ գլխին ստացված հրազենային վնասվածքից: Ի սկզբանե, միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն, մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Դիմումատուի որդու վրա: Սակայն, սպանության մեջ Անահիտ Մկրտչյանն անմիջապես կասկածել է հրամանատարին, ով, նրա կարծիքով, ծաղրանքի և վատ վերաբերմունքի է ենթարկել իր որդուն և գումար է շորթել նրանից: Դեպքից անմիջապես հետո քննիչը փորձաքննություն է իրականացրել և առգրավել է զենքը: Հաջորդ օրը քրեական գործ է հարուցվել, հանձնարարվել է դիահերձում անցկացնել, հարցաքննվել են մի քանի վկաներ և այլ զորակոչիկներ:
Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ սպանություն կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով անփութությամբ սպանություն կատարելու համար: Դատավարությունների ընթացքում ներպետկան դատական ատյանները գործը երեք անգամ ուղարկել են դատախազություն՝ մատնանշելով հետաքննության թերությունները, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներում և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասությունները պարզելու անկարողությունը: Դատավարության ամբողջ ընթացքում մեղադրյալ զորակոչիկը խոստովանել է, որ ոչ դիտավորյալ կերպով է սպանել Անահիտ Մկրտչյանի որդուն։ Սակայն, 2011 թվականի մարտին, հաջորդ դատավճռից հետո անցկացված հարցաքննության ժամանակ նա հերքել է իր նախորդ բոլոր հայտարարությունները՝ պնդելով, որ ստիպված է եղել իր վրա վերցնել բոոր մեղադրանքները՝ իր և իր ընտանիքի անվտանգության համար վախի պատճառով։
Սույն գործով քննությունը դեռևս շարունակվում է, քրեական վարույթը երկրորդ անգամ դադարեցվել է 2019 թվականի մարտին այն հիմքով, որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում դեմ պետք է առաջադրվեն մեղադրանքները: Քննության շրջանակներում չի հայտնաբերվել զոհի մարմնի վրա ոչ բալիստիկ վնասվածքների ծագումը, որոնք, փորձագետների կարծիքով, առաջացել են կրակոցից հետո ընկնելու հետևանքով, իսկ ատրճանակը, որից կրակ է արձակվել, չի նույնականացվել։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)՝ Դիմումատու Մկրտչյանը բողոքել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից իր որդու մահվան դեպքի առթիվ անցկացված հետաքննությունը, որը տևել է ավելի քան 18 տարի, արդյունավետ չի եղել։
ՄԻԵԴ-ը նշել է, որ սույն գործով հետաքննությունը սկսվել է 2001 թվականին և դեռ չի ավարտվել, քրեական գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել է, ինչի պատճառով դեռևս անհնար է պարզել Արայիկ Ավետիսյանի մահվան ճշգրիտ հանգամանքները, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, տեղի են ունեցել առնվազն երեք վկաների ներկայությամբ։ Դատարանն ընդունել է քննչական աշխատանքների գործնական դժվարությունները, ինչպիսիք են՝ վկաների հակասական ցուցմունքները և փորձաքննության եզրակացությունները, այնուամենայնիվ, նշել է, որ վկաների ցուցմունքների վրա ազդող հանգամանքները, կրկնվող դատական որոշումները, գործը դատախազին ուղարկելը և հետաքննող մարմինների կողմից թույլ տրված սխալները վկայում են պատասխանող Պետության դատական համակարգում աշխատանքի լուրջ թերությունների առկայության մասին։ Վերոգրյալի լույսի ներքո՝ Դատարանի որոշմամբ, ակնհայտ է, որ իշխանություններն արդյունավետ և մանրակրկիտ քննություն չեն իրականացրել Արայիկ Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ:
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում և վճռել է, որ Հայաստանը պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 24․000 եվրո և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։