Սեռական բռնության զոհն ընդդեմ Սլովակիայի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Դիմումատուն՝ Մ.Մ.Բ.-ն, Սլովակիայի քաղաքացի է, ծնվել է 2008 թվականին և բնակվում է Կոշիցե քաղաքում: Բողոքը Դիմումատուի անունից ներկայացրել է նրա մայրը: Գործը վերաբերում է Դիմումատուի նկատմամբ վերջինիս հոր կողմից սեռական բռնության գործով իշխանությունների իրականացրած հետաքննությանը։

Գործի քննության ժամանակահատվածում Դիմումատուն չորսից-վեց տարեկան է եղել, և նրա ծնողները գտնվել են ամուսնալուծության գործընթացում: 2012 թվականին Դիմումատուի մայրը դիմել է մասնագիտացված կենտրոն, քանի որ կասկածել է, որ իր դուստրը սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից: Կենտրոնի հոգեբանները հայտնել են, որ Դիմումատուի տարօրինակ պահվածքը կարող է վերագրվել նրա նկատմամբ բռնությանը և վատ վերաբերմունքին: Այնուհետև, հետաքննություն է սկսվել, որի շրջանակներում կազմվել են փորձագետների յոթ տարբեր զեկույցներ: Փորձագետներից ոմանք չեն կարողացել հայտնաբերել սեռական բռնության որևէ նշան և եզրակացրել են, որ դրանք Դիմումատուի վառ երևակայության արդյունքն են, իսկ մյուսները պարզել են, որ Դիմումատուն չէր կարող հորինել որոշ պատմություններ և մանրամասներ, եթե նախկինում դրանք տեղի ունեցած չլինեին։ 

Դիմումատուի մոր և հոր վկայությունները, ինչպես նաև նրանց մասին փորձագետների եզրակացությունները նույնպես շատ հակասական են եղել: Քննչական մարմինների կարգադրությամբ իրականացված յոթերորդ փորձագիտական զեկույցում նշվել է, որ շատ հավանական է, որ Դիմումատուն իսկապես ենթարկվել է սեռական բռնության։ Նշվել է նաև, որ Դիմումատուի պահվածքում նկատելի ցանկացած անհամապատասխանություն կարող է բացատրվել շարունակական գործընթացի փաստով, որը կարող է հանգեցնել նրա վարքագծի և հոգեվիճակի փոփոխությունների: Բացի այդ, փորձաքննության ժամանակ Դիմումատուին հանձնարարվել է պատկերներ նկարել, և նկարները պարունակել են սեռական բռնության դրսևորումներ: 

Այնուամենայնիվ, 2015 թվականին քննիչը դադարեցրել է Դիմումատուի հոր նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ միայն 7-րդ զեկույցի եզրակացությունը բավարար և հիմնավոր չի հանդիսացել ապացուցելու համար, որ սեռական բռնության դեպք է տեղի ունեցել: Քննիչը հիմք է ընդունել մյուս զեկույցներում նշված եզրակացությունները, որոնց համաձայն, Դիմումատուն շփոթել է իրականությունը երևակայության հետ, որ նրա հայրը սեռական շեղումների կամ ագրեսիայի նշաններ չի դրսևորել, և որ մայրը կարող էր մանիպուլյացիայի ենթարկել երեխային:

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ Դիմումատուի մայրը բողոքել է, որ իշխանությունները հավուր պատշաճի չեն քննել սեռական բռնության մասին նրա բողոքները, դադարեցրել են հետաքննությունը և հաշվի չեն առել վերջին փորձաքննության արդյունքները։ 

Գործի շրջանակներում ՄԻԵԴ-ի դատավորներից մեկը հատուկ դիրքորոշում է ներկայացրել։ Նա նշել է, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Նրա կարծիքով, սույն գործի մանրամասները շատ նուրբ են այն իմաստով, որ Դիմումատուն չափազանց փոքր տարիքում է գտնվել։ Նա նշել է, որ պատասխանող Պետությունը մի շարք գործողություններ է իրականցրել հետաքննության շրջանակներում և թվով 7 փորձաքննություն է իրականացրել, որոնց զեկույցներում, սակայն, երեխայի նկատմամբ սեռական բռնության կամ երեխայի հոր շեղումների դրսևորումների հիմնավոր ապացույցներ չեն հայտնաբերվել։ Բացի այդ, Դիմումատուի մայրը կարող էր մեծ ազդեցություն ունենալ  երեխայի երևակայության վրա։ Դատավորի կարծիքով, ազգային իշխանությունները «իրականացրել են արագ և արդյունավետ քննություն» և կատարել են հնարավոր ամեն բան, ինչը խելամիտ է նրանցից ակնկալել՝ Դիմումատուի իրավունքները որպես սեռական բռնության զոհ պաշտպանելու համար։

ՄԻԵԴ-ը նշել է, որ սեռական բռնությունը, անկասկած, ամենաանբարեխիղճ և դաժան տեսակի իրավախախտումներից է, որը մեծ ազդեցություն է թողնում զոհի և նրա կյանքի վրա: Իսկ եթե խոսքը վերաբերում է երեխաներին և անչափահասներին, կամ այլ խոցելի անձանց, ապա պետությունները պետք է ամեն կերպ պաշտպանեն նրանց իրավունքները և կանխեն նրանց անձնական և ընտանեկան կյանքին այդպիսի լուրջ տեսակի միջամտությունները։ Դատարանը հաստատել է, որ անհրաժեշտ է զգալի ուշադրություն դարձնել սոցիալական ծառայության և երեխաների պաշտպանության մարմինների ջանքերին՝ նման իրավիճակները լուծելու և համապատասխան անձանց օգնություն և խորհրդատվություն տրամադրելու հարցում, սակայն նշել է, որ այս դեպքում նման պահանջները չեն կատարվել: ՄԻԵԴ-ը պարզել է, որ իշխանությունները դադարեցրել են հետաքննությունը, չնայած այն հանգամանքին, որ մի քանի փորձագետներ հաստատել են այն վարկածը, որ Դիմումատուն վատ վերաբերմունքի և բռնության է ենթարկվել հոր կողմից: Դատարանը նաև նշել է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման մեջ բացակայել են մանրամասն և հիմնավոր փաստարկները: Այսպիսով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատասխանող Պետության իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել սեռական բռնության գործով ներկայացված մեղադրանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ պատասխանող Պետությունը պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 10․000 եվրո և 2․991 եվրո՝ դատական ծախսերի համար։