ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ փորձագետների եզրակացության՝ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:
Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կինն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Միաժամանակ, փորձագետները նշել են, որ նա որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և նա կարող էր գիտակցել իր կատարած արարքի վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել իր գործողությունները, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան որոշում, որի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1,055 դիտում