Կկարգավորվի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության նիստը, որի ժամանակ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրման հարցի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, լրացում է կատարվել այն որոշման մեջ, որով սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց:

Մասնավորապես այդպիսին են՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումն, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: Գործող կարգով, սակայն չի կարգավորվում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված: Հարցը դեռևս 2014 թ.-ից բարձրացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ այդմ, նախատեսվում է ապահովել ՀՀ-ում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում կհստակեցվի վերոնշյալ հարցը: