ԱՄՆ նախագահը քննադատել է Իրանին, Վենեսուելային և ԱՀԿ-ին

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության մասին, կոչ է արել ավելի խստացնել տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ, և Մադուրոյին անվանել է «Կուբայի տիկնիկ»:

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվարկել է իր ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: Մասնավորապես, ամերիկացի առաջնորդը ասել է, որ ապագան չի պատկանում գլոբալիստներին, այլ նրանց, ովքեր պաշտպանում են իրենց քաղաքացիներին և հարգում են իրենց հարևան երկրներին: Թրամփի խոսքով՝ իմաստուն ղեկավարների համար առաջին տեղում է իրենց երկրի և սեփական ժողովրդի ապագան: Միևնույն ժամանակ, նախագահը փորձել է արդարացնել իր կոշտ ներգաղթի քաղաքականությունը և կոչ է արել այլ երկրներին հետևել դրան: Ամերիկացի առաջնորդը, մասնավորապես, ասել է, որ չկառավարվող միգրացիան և բաց սահմանները սպառնում են բոլոր ժողովուրդների ինքնիշխանությանը և անվտանգությանը:

ԱՄՆ նախագահը ավանդաբար քննադատել է Չինաստանի «առևտրային ոչ արդար քաղաքականությունը» և հայտարարել է ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության մասին։ Թրամփի խոսքով, ԱՀԿ-ն երկար տարիներ հանդուրժել է Պեկինի առևտրային քաղաքականության խախտումները և երբեմն նույնիսկ խրախուսել դրանք: Թրամփը ԱՀԿ-ին կոչ է արել զրկել Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները կկարողանան համաձայնության գալ և լուծել իրենց առևտրային հակասությունները:

«Որևէ երկիր չպետք է աջակցի Իրանի արյան ծարավին», – պնդել է Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր Վեհաժողովում: Սպիտակ տան ղեկավարը աշխարհի երկրներին կոչ է արել խստացնել Իրանի դեմ տնտեսական սահմանափակումները։ Նա նաև նշել է, որ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ և է՛լ ավելի կընդարձակվեն, քանի դեռ Իրանը չի փոխել իր վտանգավոր վարքագիծը: Ելույթում Թրամփը խոսել է նաև Աֆղանստանի, Ուկրաինայի հետ առևտրային տարաձայնությունների ու սահմանային անվտանգության մասին:

ՄԱԿ-ի վեհաժողովում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը Վենեսուելայի ղեկավարին անվանել է «կուբայական տիկնիկ, որը պաշտպանվում է կուբացի թիկնապահների կողմից և որը թաքնվում է սեփական ժողովրդից»: Թրամփը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ուշադիր հետևում են Վենեսուելայում տիրող իրավիճակին: Մենք կսպասենք այն օրվան, երբ կվերականգնվի ժողովրդավարությունը, Վենեսուելան կդառնա ազատ և ազատություն կհաստատվի ամբողջ կիսագնդում», – ասել է նա:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան ջանքեր են գործադրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիվանագիտական շփումների վերականգնման ուղղությամբ։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ եթե չկայանա հանդիպում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, դա «կորած հնարավորություն» կլինի։ Գերմանիայի և Ճապոնիայի առաջնորդները ևս ՄԱԿ-ում հանդիպումներ են ունեցել Ռոհանիի և Թրամփի հետ՝ հորդորելով նրանց հանդիպել: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտնել է, որ թե՛ ԱՄՆ-ն, և թե՛ Սաուդյան Արաբիան խնդրել են միջնորդել Իրանի հետ լարվածությունը մեղմելու համար:

Իր հերթին, Իրանի ղեկավարը հակադարձել է ԱՄՆ նախագահի` ՄԱԿ-ի ամբիոնից Թեհրանի հասցեին հնչեցրած քննադատությանը։

«ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական ճնշումն ահաբեկչության մի ձև է, ինչը անմարդկային է: Իհարկե, եթե այդ քաղաքականությունը վերանայվի, մենք կարող ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրներից խոսել, այդ թվում՝ միջուկային համաձայնագրի խնդրից: Եթե 2015 թվականին մենք կարողացել ենք համաձայնություններ ձեռք բերել, ապա այլ խնդիրների շուրջ ևս ի վիճակի կլինենք»,-նշել է Հասան Ռոհանին:

Մեկնաբանություններ