Եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 2015 թ․ Վճռաբեկ դատարան /2017թ․/

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ  ՎԴ/6487/05/15 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրում է․

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. 2009, 2010 և 2011 թվականներին կատարված հարկային օրենսդրության խախտումների համար կարող են արդյո՞ք առաջանալ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ, եթե տվյալ իրավախախտումները հայտնաբերվել են 2015 թվականին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

  1. որպես ընդհանուր կանոն՝ հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող տարին է,
  2. որպես բացառություն ընդհանուր կանոնից՝ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը տասը տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման պահն է,
  3. հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ ժամկետների հաշվարկման անհրաժեշտությունը ծագում է հարկային իրավախախտման հայտնաբերման պահին, քանի որ հարկային պարտավորությունների առաջացումը պայմանավորված է վաղեմության ժամկետի՝ տվյալ իրավախախտման հայտնաբերման պահին լրացած լինելու կամ չլինելու հանգամանքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ <<<<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> թիվ ՀՕ-96-Ն և <<<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների՝ ժամանակի մեջ գործողության իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա հետևյալ ուղղությամբ. նշված օրենքները տարածվում են դրանց ուժի մեջ մտնելուց՝ 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների նկատմամբ, և քննարկվող օրենքների՝ ժամանակի մեջ գործողության կանոնի բովանդակությունը հանգում է հետևյալին.

  1. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է մինչև 04.2012 թվականը, ապա այդ դեպքում կիրառելի է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը.
  2. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականից հետո, ապա այդ դեպքում կիրառելի է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի՝ 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը.
  3. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, ապա այդ դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե՝ ոչ. այսպես՝
  • եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը,
  • եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի՝ 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը: