ԱՀԿ անդամ երկրներին կրկին չի հաջողվել համաձայնության գալ՝ Վերաքննիչ մարմնում թափուր աշխատատեղերի լրացման հարցում

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները հերթական անգամ ձախողեցին յոթ դատավորներից բաղկացած ԱՀԿ Վերաքննիչ մարմնում թափուր աշխատատեղերը լրացնելու փորձը: Չորս թափուր պաշտոնների համար թեկնածուների ընտրությանը դեմ է քվեարկել ԱՄՆ-ն։ Կոնսենսուսի բացակայության պատճառով այդ հարցը չի լուծվել։

Ներկա պահին Վերաքննիչ մարմնում ներկայացված են յոթ արբիտրներից միայն երեքը: Կոնսենսուսի բացակայության պատճառով աշխատատեղերը չեն կարող լցվել, քանի որ ԱՄՆ-ն համառ կերպով մերժում է խնդրի լուծմանն ուղղված առաջարկները: ԱՀԿ-ում վերաքննիչ բողոքներ քննելու համար անհրաժեշտ են նվազագույնը երեք փորձագետներ։ Սակայն, եթե ​​նրանցից մեկը հրաժարական տա, ԱՀԿ-ում Վերաքննիչ մարմնի աշխատանքը կդադարեցվի։

Օրեր առաջ ԱՀԿ-ի Վեճերի լուծման մարմնում Մեքսիկայի ներկայացուցիչը հանդես է եկել ԱՀԿ-ի 73 անդամների անունից և վերահաստատել է ԱՀԿ-ի Վեճերի լուծման մարմնի ներկայացրած առաջարկը` ընտրական հանձնաժողով ստեղծելու և Վերաքննիչ մարմնի նոր անդամներ նշանակելու մասին։ Ենթադրվում է, որ 30 օրվա ընթացքում պետք է նոր թեկնածուներ առաջադրվեն՝ թափուր աշխատատեղերը լրացնելու համար: ԱՀԿ-ում առկա այս իրավիճակի վերաբերյալ ընդհանուր մտահոգություն են հայտնել ԱՀԿ բոլոր անդամ երկրները։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն  հայտարարել է, որ երկիրը չի աջակցում Վերաքննիչ մարմնի վերաբերյալ ԱՀԿ-ի 73 անդամների նախաձեռնությանը: Ամերիկայի ներկայացուցիչը նաև նշել է, որ 15 տարիների ընթացքում ԱՄՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել, քանի որ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը բազմիցս անտեսել է կազմակերպության կանոնները, մասնավորապես՝ խախտել է իր որոշումները կայացնելու համար հատկացված 90-օրյա ժամկետը: Վաշինգտոնը համոզված է, որ ԱՄՆ-ի մտահոգությունը միշտ անտեսվել է, իսկ Վերաքննիչ մարմնի կողմից կատարված խախտումները խաթարում են համակարգի օրինականությունը և վնասում են ԱՀԿ-ի բոլոր անդամների շահերին:

Մեկնաբանություններ