Ադրբեջանը բանակցություններ է վարում ԱՀԿ-ին անդամակցելու համար

Օրեր առաջ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտնել է, որ երկիրը բանակցություններ է վարում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) միանալու հարցի շուրջ։ 

Ադրբեջանի պատվիրակությունը բանակցում է ԱՀԿ աշխատանքային խմբի հետ, ինչպես նաև երկկողմ բանակցություններ է վարում ԱՀԿ անդամ երկրների հետ։ Նախարարի տեղակալը հավելել է, որ 2018 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը երկկողմ բանակցություններ է վարել Ճապոնիայի, Բրազիլիայի, Նորվեգիայի և այլ երկրների հետ։ Հանդիպումների ժամանակ, առաջին հերթին, քննարկվել են առևտրի ոլորտում ծառայությունների և շուկաների փոխադարձ հասանելիության վերաբերյալ հարցերը։ 

Նշենք, որ Ադրբեջանը սկսել է բանակցություններ վարել ԱՀԿ-ին անդամակցելու հարցի շուրջ դեռևս 2014 թվականին։ Այժմ երկիրը բանակցություններ է վարում 13 երկրների հետ: Ադրբեջանն արդեն արձանագրություններ է ստորագրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի և Ղրղզստանի հետ: 2019 թվականին նախատեսվում է արձանագրություններ ստորագրել նաև Չինաստանի և Մոլդովայի հետ։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջերս երկիրն իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Մասնավորապես՝ 12 ռազմավարական ճանապարհային քարտեզ է ընդունել տնտեսության զարգացման համար, ինչպես նաև՝ առևտրի ոլորտի կարգավորման համար փոփոխություններ  է կատարել, մի շարք ապրանքների ներմուծման համար փոխել է սակագները, բարելավել է առևտրի և լոգիստիկայի ենթակառուցվածքները և այլն։ Ակնկալվում է, որ ճանապարհային քարտեզի իրագործումը հաջող հիմք կհանդիսանա ԱՀԿ-ին անդամակցելու համար։ Ադրբեջանում կարծում են, որ ԱՀԿ-ին միանալու գործընթացը կավարտվի 2020 թվականին։Նշենք նաև, որ 1997 թվականից Ադրբեջանը ԱՀԿ-ում ունի դիտորդ երկրի կարգավիճակ: 

Մեկնաբանություններ