ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձև

2014թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձև: Բանաձևի նախագիծը ներկայացրել էին Ուկրաինան, Գերմանիան, Լեհաստանը, Լիտվան, Կանադան և Կոստա Ռիկան: Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 100 երկիր, դեմ` 11-ը, այդ թվում` Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, ևս 58 երկիր, որոնց թվում` Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ձեռնպահ են մնացել, մի շարք երկրներ էլ չեն մասնակցել քվեարկությանը:

«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» վերնագրով բանաձևում, նշելով, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում 2014թ. մարտի 16-ին անցկացված հանրաքվեն արտոնված չէր Ուկրաինայի կողմից, ընդգծվում է, որ այն, «օրինական ուժ չունենալով, չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի որևէ փոփոխության համար»:

Բանաձևում Գլխավոր վեհաժողովը, հղում կատարելով ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված` բոլոր պետությունների կողմից ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից զերծ մնալու պարտավորություններին, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի (1970թ.) համանման դրույթներին, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին բուդապեշտյան հուշագրին (1994թ.) և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես «հաստատում է իր հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը նրա` միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Բանաձևում կոչ է արվում բոլոր պետություններին «հրաժարվել և զերծ մնալ Ուկրաինայի ազգային միասնության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտմանն ուղղված գործողություններից, այդ թվում` ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման կամ այլ անօրինական միջոցներով Ուկրաինայի սահմանները փոփոխելու ցանկացած փորձից»: Նաև կոչ է արվում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին չճանաչել վերոհիշյալ հանրաքվեի հիման վրա Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի որևէ փոփոխություն և խուսափել ցանկացած գործողությունից կամ քայլից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի ցանկացած նման փոփոխության ճանաչում:

Գլխավոր վեհաժողովը բանաձևում նաև հորդորում է բոլոր կողմերին «անհապաղ հետամուտ լինել Ուկրաինային վերաբերող իրավիճակի խաղաղ կարգավորմանը` ուղիղ քաղաքական երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածություն, չդիմել միակողմանի քայլերի և ռազմական հռետորաբանության, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, և ամբողջովին մասնակցել միջազգային միջնորդական ջանքերին»:

Նշենք նաև, որ ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների՝ Գլխավոր վեհաժողովում ընդունված որոշումների նկատմամբ հնարավոր չէ վետո կիրառել: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշումները պարտադիր իրավական ուժ չունեն, բայց արտահայտում են միջազգային հանրության կարծիքը:

Աղբյուրը` http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=47443#.UzcETKh_uSo