«Big Brother Watch» կազմակերպությունը և ուրիշներն ընդդեմ Միացյալ Թագավորության

Գործը վերաբերում է 16 Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Միացյալ Թագավորությունում իրականացված զանգվածային գաղտնալսումներին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են ԱՄՆ Հետախուզական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից իրականացված գաղտնի ծրագրային լրտեսման մասին։

16 Դիմումատուները՝ «Big Brother Watch» կազմակերպությունը, «Հետաքննական լրագրության բյուրո» ամերիկյան կազմակերպությունը, 10 իրավապաշտպան կազմակերպություններ և մի քանի լրագրողներ, բողոքներ են ներկայացրել 2013 թվականի հունիսին ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից «Washington Post» և «Guardian» թերթերին գաղտնի նյութեր հանձնելու դեպքից հետո։ Հասարակական հնչեղություն ստացած այդ դեպքից հետո բացահայտվել է, որ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետախուզական մարմինները գաղտնի ծրագրային լրտեսումներ են իրականացրել՝ վերահսկելով ԱՄՆ քաղաքացիների և այլ երկրների քաղաքացիների միջև հաղորդակցությունը։

Էդվարդ Սնոուդենի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ վերջինս առևանգել է և լրագրողներին փոխանցել է հատուկ ծառայությունների գործունեության մասին մոտ 1․7 միլիոն գաղտնի փաստաթղթեր՝ ԱՄՆ քաղաքացիների և այլ երկրների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ: Էդվարդ Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր է փոխանցել նաև Միացյալ Թագավորության լրագրողներին։ Փաստաթղթերի մեծամասնությունը վերաբերում է ամերիկյան բանակի, ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի մասին տեղեկություններին, ինչպես նաև՝ մեծ կարևորություն ունեցող գաղտնի գործողություններին։ Գործի շրջանակներում նաև բացահայտվել է, որ ԱՄՆ-ն գաղտնի համաձայնագրեր է կնքել 33 պետությունների հետ՝ արտասահմանյան երկրներին և քաղաքացիներին հետևելու համար իր հնարավորություններն ընդլայնելու նպատակով։ Այնուհետև, քրեական հետապնդումից և ձերբակալությունից խուսափելու համար Սնոուդենը քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում:

Դիմումատուները բողոքել են Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների կողմից ապօրինի կերպով իրականացված գաղտնալսումների մասին: Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք/ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք) խախտում, 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում, 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտում։ Դիմումատուները բողոքել են անձնական տվյալների մասշտաբային հավաքագրում և գաղտնալսումներ կատարելու, ինչպես նաև՝ տարբեր երկրների հետախուզական գործակալությունների հետ տեղեկատվության փոխանակումներ իրականացնելու մասին։ Սույն գործով առաջին հրապարակային լսումները Մարդու իրավունքների պալատում տեղի են ունեցել 2017 թվականի նոյեմբերին։

Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միացնել 16 Դիմումատուների ներկայացրած բողոքները մեկ վարույթում։ Այնուհետև, ՄԻԵԴ-ը այդ գործը բաժանվել է 3  վարույթի։ Այսպիսով, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ առաջին և երկրորդ գործով Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և 10-րդ հոդվածի խախտում։ Սակայն ՄԻԵԴ-ը մերժել է երրորդ գործով Դիմումատուների ներկայացրած բողոքները։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Միացյալ Թագավորությունը պարտավոր է դատական ծախսերի համար առաջին գործով Դիմումատուներին վճարել 150․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, իսկ երկրորդ գործով Դիմումատուներին՝ 35․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։