ՀԲ-ն և ԱՄՀ-ն կանխատեսել են Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպի դանդաղում

Երկու հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատություններ՝ Համաշխարհային բանկը (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսել են Հայաստանում տնտեսական ակտիվության դանդաղում: Այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%, այն դեպքում, երբ երկրում ՀՆԱ-ի աճը կանխատեսվել է 4.9%: Այս մասին նշվել է Համաշխարհային բանկի հրապարակած «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» ՀՀ-ի մասին տնտեսական զեկույցում։

Համանման զեկույցով հանդես է եկել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը՝ նույնպես կանխատեսելով ՀՀ-ում տնտեսության աճի տեմպերի նվազում մինչև 4.5%: Ըստ անցած տարվա տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.2%՝ ի տարբերություն 2017 թվականին գրանցված 7.5%-ի, ինչը Հայաստանի առևտրային գործընկերների տնտեսական աճի տեմպերի անկման, ինչպես նաև գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտների անբավարար արտադրողականության հետևանք է:

2019 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4.9% տնտեսական աճ: Հիմնադրամը կանխատեսում է ավելի պակաս տնտեսական աճ՝ այս տարի դրամական փոխանցումների կրճատման ֆոնին, որը, սակայն, կարող է փոխհատուցվել ներդրումների աճով:

«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թվականին համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»,-ասվում է ՀԲ-ի զեկույցում:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հիպոթեքային շուկայում ակտիվացմանը, ապա այստեղ իսկապես աճի միտումները շատ ակնառու են։ 2019 թվականի փետրվարին Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100%-ով։ Այս մասին հայտարարել է անգամ ՀՀ վարչապետը՝ օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ։ 2019 թվականի հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ ։

Վերոնշյալ երկու հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները շատ պահպանողական են, հիմնված ընթացիկ տվյալների վրա՝ շեղումների հնարավորությամբ, որոնք հաճախ բարձրանում կամ իջնում են՝ կախված տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններից։ Օրինակ՝ 2017-ին Համաշխարհային բանկը կանխատեսում էր ՀՀ տնտեսության 3.7-4% -ոց աճ, սակայն այն կազմեց ավելի քան 7․5%: 2018-ին ՀԲ-ն կանխատեսում էր Հայաստանում տնտեսության աճ 4.1%-ի մակարդակում, սակայն իրական թիվը հասել է 5.2%-ի։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՀ-ն հայտարարել է, որ ձեռք է բերել Հայաստանի կառավարության հետ 250 մլն դոլարի չափով վարկի տրամադրման նախնական համաձայնություն՝ ՀՀ կառավարության բարեփոխումների իրագործմանն աջակցելու և արտաքին ցնցումներին դիմակայելու համար։