Դատավորին հայտարարվել է նկատողություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ:  Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության 2018 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հաղորդումը: 

Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. փետրվարի 4-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին: 

Նշված որոշմամբ արձանագրվել է հետևյալ կարգապահական խախտումը. բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի ձերբակալման դեմ՝ վերջինիս փաստաբանների կողմից բերված բողոքը, ըստ այդմ էլ՝ ոչ իրավաչափ գնահատելով ձերբակալումը և վերջինիս արգելանքից ազատ արձակելով, դատավոր Ա. Դանիբեկյանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.1. հոդվածը և ակնհայտ սխալ է մեկնաբանել 131.1. հոդվածը: 

Ըստ Կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ ձերբակալման արձանագրության թարգմանության օրինակը ձերբակալվածին տրամադրելու ժամկետը պահպանելու հարցի իրավաչափությունը գնահատելիս, կիրառելի էր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, այլ «Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերին համապատասխան» վերտառությամբ 54-րդ գլխի նորմերը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը պահանջելու վերաբերյալ դատավորի դիրքորոշումը չի բխում օրենսդրության պահանջներից, քանզի դրանց առկայության հարցերը դատարանում կարող են քննարկման առարկա դառնալ ձերբակալված անձի ժամանակավոր կալանավորման կամ հանձնման համար կալանավորման միջնորդությունները քննարկելիս: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողությունների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևապես, նրա կողմից թույլ տված նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումը կրում է կոպիտ բնույթ:Բարձրագույն դատական խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, 2019 թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից արձանագրված կարգապահական խախտումը գնահատեց ակնհայտ և կոպիտ, և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, դատավոր Ա. Դանիբեկյանին հայտարարեց նկատողություն:   

Մեկնաբանություններ