ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի մասին

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ  ԱՐԱԴ/0072/02/15  քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրում է․

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ապահովագրական ընկերությունը վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի լիազոր տիրապետողի նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք այն հիմքով, որ վերջինս ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք, եթե ապահովագրական ընկերությունն ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս տեղեկացված է եղել լիազոր տիրապետողի՝ տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու համապատասխան կարգ չունենալու մասին:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը նախատեսված է վնաս պատճառողի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ սեփականատիրոջ (ապահովադրի) պատասխանատվության հիմքերը հստակ և սպառիչ սահմանված են նույն հոդվածով, հետևաբար սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ այլ հիմքերով հետադարձ պահանջ չի կարող ներկայացվել: Ուստի այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում (տե՛ս, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկնաբանություններ