Արժիևան և Ցադաևն ընդդեմ Ռուսաստանի 

Դիմումատուները՝ Պատիմատ Արժիևան և Աքմեդ Ցադաևը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1949 և 1984 թվականներին։ Առաջին Դիմումատուն բնակվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, իսկ երկրորդ Դիմումատուն՝ Չեչնիայի Գրոզնի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի ոչնչացման արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման պահանջին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Չեչնիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով իրենց բնակարանների ոչնչացման արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։

Առաջին Դիմումատուի բնակարանը վնասվել է 1994-1995 թվականներին և ամբողջությամբ քանդվել է 1999-2000 թվականներին։ 2005 թվականի մարտին Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան՝ իր բնակարանի ոչնչացման արդյունքում իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ։ 2010 թվականի հունիսին փոխհատուցում հատկացնելու հարցերով զբաղվող հանձնաժողովը տեղեկացրել է Դիմումատուին, որ վերջինս չի կարող փոխհատուցում ստանալ՝ ռազմական գործողությունների պատճառով ոչնչացված կառույցների ցուցակում նրան պատկանող բնակարանի գրանցման բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ, 2005 թվականի օգոստոսին անշարժ գույքի այդ ռեգիստրի ստեղծման համար պատասխանատու տեխնիկական ստորաբաժնի գործունեությունը դադարեցվել է։

Դիմումատուն բողոքել է հանձնաժողովի կայացրած որոշման դեմ, սակայն ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Դիմումատուի գործով որոշում կայացնելիս դատական ատյանները հիմք են ընդունել այն հանգամանքը, որ հանձնաժողովը չի կարող գործողություններ իրականացնել՝ համապատասխան ստորաբաժնի գործունեության դադարեցման պատճառով։ Դիմումատուն անմիջապես բողոք է ներկայացրել Չեչնիայի կառավարության դեմ։ 2013 թվականի մայիսին Չեչնիայի Գերագույն դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

1999-2000 թվականներին ամբողջությամբ քանդվել է նաև այն շենքը, որտեղ տեղակայված է եղել երկրորդ Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը։ Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Սակայն Դիմումատուի ներկայացրած հայցը երբեք չի քննվել՝ տեխնիկական ստորաբաժնի աշխատանքի դադարեցման պատճառով։ Այնուհետև, Դիմումատուն անձամբ ներկայացել է Դատարան և բողոք է ներկայացրել՝ Չեչնիայում ռազմական գործողությունների արդյունքում քանդված շենքերի և կառույցների համար փոխհատուցում հատկացնելու հարցերով զբաղվող հանձնաժողովի դեմ։ Այնուամենայնիվ, 2010 թվականի օգոստոսին Չեչնիայի Գերագույն դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են իրենց պատկանող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի խաղաղ իրականացմանը Կառավարության միջամտության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1  Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է յուրաքանչյուր Դիմումատուին պատճառված նյութական վնասի համար վճարել 4․600 եվրո գումարի չափով փոխհատուցում և 5․000 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։