Ներմուծող կազմակերպությունում հայտնաբերվել է մակնշման մի շարք խախտումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: 

Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102` տատրազին և E110` դեղին «արևի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող և նախազգուշացնող՝ երեխաների ակտիվության և ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է: 

Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով (1905 կգ), խտացրած կաթ շաքարով և կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) և վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արևածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ):

Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է և տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները ևս հետ կանչել և մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել:
Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները:

 

Մեկնաբանություններ