Պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  դեպքերի  վերաբերյալ քրեական գործը:

 Այսպես, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ չնայած դատապարտյալը գտնվել է ՀՀ սահմաններից դուրս և չի ներկայացել աշխատանքի, այդուհանդերձ, վերջինիս չաշխատած աշխատաժամանակը ներառվել է պատժաչափի հաշվարկի մեջ, և պատիժը համարվել է  կատարված: Բացի այդ, պարզվել է, որ ևս երկու դատապարտյալներ որոշակի ժամանակահատվածներում բացակայել են հանրապետությունից, սակայն, չնայած այդ հանգամանքին, համապատասխան փաստաթղթերում նշվել է, որ դատապարտյալները փաստացի գտնվել են պատժի կրման մեջ և կատարել հանրային աշխատանքներ:

Պաշտոնեական դիրքի չարաշահման և նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ու միացվել մեկ վարույթում:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ