ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին են ներկայացվել դատաիրավական բարեփոխումների ընթացքն ու հակակոռուպցիոն աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Ալան Միլին:

Հանդիպման ընթացքում համազեկուցողները հետաքրքրվել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո իրավական ոլորտում իրականացվող աշխատանքներով, դատական համակարգի բարեփոխումներով և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով:

Նախարար Հարությունյանն, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված քայլերին, դրանցից առանձնացրել է ապօրինի հարստացման քրեականացումը, հայտարարագրման գործընթացի բարելավումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն, ինչպես նաև Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները և նշել, որ դրանք ուղղված են արտաքին ու ներքին անկախության երաշխիքների ու արդյունավետ դատական համակարգի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև էլեկտրոնային գործիքների ներդրմամբ քաղաքացիներին պետական ծառայություններ մատուցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին և հանրային ծառայությունները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացին:

Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել նախարարին իրենց հետաքրքրող բոլոր հարցերին մանրամասն անդրադառնալու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: