«Մեղադրականով ասում են՝ դրդել եմ, ես նույնիսկ փորձել եմ կանխել». «Իգլա»-ի գործով հարցաքննվեց Սամվել Բաբայանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Սամվել Բաբայանը:

 «Որևէ կերպ ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել, քանի որ իմ գործողությունների մեջ հանցանք չկա»,- դատարանում հայտարարեց ամբսատանյալը:

Ամբաստանյալ Սամվել Բաբայանը պատմեց, որ  2016թ. մարտի 17-ին գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը զանգահարել է իրեն և ցանկացել է հանդիպել: Նրանք հանդիպել են, և վերջինս իրեն ցույց է տվել «Իգլա»-ի լուսանկարները պլանշետով, հարցեր տվել դրա վերաբերյալ. «Նկարը տեսնելուց հետո ես բացատրել եմ, որ բացակայող մաս կա, դրանք պետք ա լինի երեք հատ: Սանասարն էլ հարցերել ա՝ սա կարող ա բանակին  պետք գա, ես էլ ասել եմ կարող ա»,-ասաց նա, հավելելով, որ հորդորել է  փաթեթավորել վերջինս և հողում պահել։

Ըստ Սամվել Բաբայանի՝ պահելու ձևն ու վայրը Սանասար Գաբրիելյանին ասել է, որովհետև վայրը նրան ծանոթ է եղել, իսկ համապատասխան արկղում փաթեթավորելու վերաբելյալ՝ նշեց, որ Սանասար Գաբրիելյանի վրա քրեական գործ կհարուցեին, եթե «Իգլան» ձեռքին բռնվեր:

Սամվել Բաբայանը նշեց նաև, որ Սանասար Գաբրիելյանին ասել է այն մասին, որ վերջինս թաղելուց հետո համապատասխան մարդկանց միջոցով վերոնշյալ «Իգլան» հանձնի. «Մեղադրականով ասում են՝ դրդել եմ։ Ես նույնիսկ փորձել եմ կանխել»,-հայտարարեց ամբաստանյալը:

Սամվել Բաբայանը պնդեց՝ ինքը Սանասար Գաբրիելյանից չի հետաքրքրվել՝ այդ «Իգլան» որտեղի՞ց է ձեռք բերելու, ի՞նչ միջոցներով, իսկ երբ Սանասար Գաբրիելյանին  ձերբակալել են, վերջինիս ընկերոջը հրահանգել է պլանշետից ջնջել լուսանկարները և այդ պլանշետը կորցնել, որովհետև խնդիրներ կարող էին առաջանալ:

Մեղադրող Արամ Արամյանը մեջբերեց ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի  և Սամվել Բաբայանի  վերծանած հեռախոսազրույցներից մի հատված, որի մեջ խոսվում է 45 հազար ԱՄՆ դոլար գումարի մասին, հեռախոսացրույցում Սամվել Բաբայանն ասում է, որ երեք օրից շուտ չի կարող այդ գումարը տալ: Նաև խոսվում է այն մասին, որ 10 հազար ԱՄՆ դոլարը կարող է տալ որպես ավանս, որ գործը սկսեն: Դատախազը Սամվել Բաբայանին հարցրեց, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը:

«Վրաստանից Հայաստան տախտակ բերելու մասին է խոսքը՝ 10 000 ավանսն էլ նրա համար, որ սկսեին ծառերը հատել, որ մարդիկ հավատային ու գործը սկսեին»,-մանրամասնեց Սամվել Բաբայանը: Հետո դատախազը մեջբերեց Սանասար Գաբրիելյանի նույն հեռախոսազրույցի մասին ցուցմունքը, ըստ որի՝ այդ 10 000 ԱՄՆ դոլար ազամարտիկին տալու համար է: Ամբաստանյալն էլ բացատրեց, որ դրանք տարբեր գործերի մասին են, իսկ հեռախոսազրույցի վերոնշյալ հատվածը վերաբերվում է տախտակի համար նախատեսված գումարին:

Սամվել Բաբայանը փաստեց, որ ինքը և Սանասար Գաբրիելյանը գումարային պարտք ու պահանջ, համատեղ բիզնես չեն ունեցել. «Ինքը մենակ իմ համար Վրաստանից տախտակներ պետք ա բերեր»:

Մեղադրողի այն հարցին, թե ինչո՞ւ է Սանասար Գաբրիելյանը հենց իրեն ցույց տվել վերոնշյալ զենքի լուսանկարները, ամբաստանյալը պատասխանեց, որ 1992 թվականից ճանաչում են միմիանց՝ իրար հետ ծառայել են. «Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք՝ դա ինչ է»:

Սամվել Բաբայանն ընդգծեց, որ ինքը Սանասարի ծրագրի հետ կապ չի ունեցել ու ընդամենը խորհուրդ է տվել. «Նախ «Իգլան» 40 հազար չարժի, ես դա շատ լավ գիտեմ, պետք եղած ժամանակ էլ գնել եմ ու  18 հազար դոլարի կարգի է, իսկ էստեղ «Իգլա» չկար, ընդամենը «տրուբա» է »,-ասաց նա:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե Բաբայանը տեղյակ է եղել, որ «Իգլա»-ն ձեռք է բերվել Վրաստանից, Սամվել Բաբայանը արձագանքեց. «Ես կարծում եմ Վրաստանից էլ չի: Ես կապացուցեմ, որտեղի՞ց ա, ո՞վ ա բերել ու ո՞ւմ գարաժիցա»,-ասաց նա:

Փողերի լվացման դրվագի վերաբերյալ ամբաստանյալ Սամվել Բաբայանը պարզաբանեց, որ Ռուսաստանի քաղաքացի Վասիլ անունով անձը իրեն 35 000 ԱՄՆ դոլար էր պարտք. «Ինձ  Մոսկվայում պարտք են եղել 35 հազար դոլար: Ես դիմել եմ Քչարյան Կարենին, ասել եմ գումար կա՝ պետք ա բերեն,  մարդ կա՞, ինքն էլ ասել ա՝ հա, կա: Համար ա տվել ինձ, ես էլ նամակով ուղարկել եմ: Գումարը տեղ է հասել ու տեսել եմ, որ վրան «կրասկա» կա, Կարենին նախ խնդրել եմ ճշտի, թե դա թուղթա, թե փող, ինքն էլ ստուգելուց հետո ասել ա գումար ա: Հետո որոշել եմ ինչ-որ տարբերակով դրանք մաքրել տալ, դիմել եմ, որ մարդ ճարի ով կկարողանա էդ «կրասկան»  մաքրի»,- պատմեց  Սամվել Բաբայանը:

Ամբաստանյալը մանրամասնեց, որ սկզբից Կարեն Քչարյանին 20 եվրո թղթադրամ է տվել, որը եղել է գազարագույն հետք, իր հորդորով ստուգել է՝ գումար է, թե ոչ, ապա դիմել է քիմիկոսին, որպեսզի հասկանա՝ բիծը մաքրվում է, թե ոչ:

Դատախազի այն հարին, թե ամբաստանյալը որևէ մեկին գումար խոստացե՞լ է վերոնշյալ գործը կատարելու համար, վերջինս պատասխանեց, որ այդպիսի խոսակցություն չի եղել:

Դատախազը մեջբերեց Սամվել Բաբայանի և Վասիլի հեռախոսազրույցը, ըստ որի՝ Բաբայանը Վասիլին հրահանգում է գումարից նմուշ ուղարկել: Վերոնշյալ հատվածի վերաբերյալ ամբաստանյալը մանրամասնեց, որ Վասիլը զգուշացրել էր, որ գումարների վրա բծեր կան, ինքն էլ նմուշ ուզել է, որպեսզի հասկանա՝ արդյո՞ք հնարավոր է այդ բծերից ազատվել:

Սամվել Բաբայանը նաև մանրամասնեց, որ ինքը դիմել է բանկի ծանոթ աշխատակցին, ով ասել է, որ բանկը կնդունի բծերով այդ գումարները միայն 20-25 % պահում անելով:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը Հայաստան էր եկել և ուներ շատ պարտքեր, ուստի այդ գումարի անհրաժեշտությունը շատ ուներ և 20-25 % կորուստը դրական չէր ազդում, այդ նպատակով էլ դիմել է Կարեն Քոչարյանին, որպեսզի վերջինս կարողանա մարդ գտնել, ով կլուծեր այդ բծերի անհետացման հարցը. «Էս հոդվածով մեղադրվողը կամ պետքա լինի գողացող, կամ օժանդակող, կամ փող լվացող: Ո՞վ ա տուժել իմ փող լվանալուց, որ 190 հոդվածի առաջին մասը դրել եք իմ վրա»,-առաջադրված մեղադրանքի շուրջ վրդովմունք հայտնեց ամբաստանյալը:

Ամբաստանյալի ցուցմունքից հետո, դատարանը հրավիրեց զինտեխնիկայի փորձագետներին, ովքեր մանրամասնեցին, որ վերոնշյալ «Իգլան» առանց իր պակասող մասնիկների գործածման ենթակա չէ. «Եթե լինի հրթիռի ատրժանակը՝ կարող է գործածվել, բայց մինչև համալրելը այն հանդիսանում է ռազմամթերք, ոչ թե սպառազինության մասնիկ»,- ասաց փորձագետ Արթուր Հասրաթյանը:

Ամբաստանյալ Սամվել Բաբայանը միջնորդություն ներկայացրեց գործի անջատված մասով ամբաստանյալ Ռոբերտ Աղվանյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար: Բաբայանը միջնորդեց ուսումնասիրել  ԶԼՄ-ներում հրապարակված այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են  Վրաստանում բերման ենթարկում Ռոբերտ Աղվանյանին, նաև սույն գործով, որպես վկա ներգրավված Հրաչյա Մայիլյանի հեռախոսազրույցները վերծանել:

Մեղադրողը առարկեց միջնորդությանը: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերդարնալով հրապարակեց, որ միջնորդությունը բավարարում է մասնակի՝ միայն Հրաչյա Մայիլյանի հեռախոսազրույցների վերծանման մասը:

Ամբաստանյալ Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին:

Քալաշյանը նշեց, որ գործում առկա ապացույցները արդեն հետազոտվել են, վկաները հարցաքննվել և այս փուլում այլևս հիմնազուրկ է դատարանի դատաքննության սկզբում հայտնած այն դիրքորոշումը, որ ազատության մեջ մնալու դեպքում Սամվել Բաբայանը կարող է խոչընդոտել օբյեկտիվ դատաքննությանը:

 Դատարանը միջնորդությունը մերժեց: Դատավոր Արշակ Վարդանյանը մերժումը հիմնավորեց նրանոց, որ ամբաստանյալ Սամվել Բաբայանը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ և ազատության մեջ գտնվելով կարող է խուսափել պատժի կրումից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

317 դիտում

Մեկնաբանություններ