Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը 14.08.2017թ.-ին հաղորդում է տվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նույն հիմնարկի պատասխանատու հերթապահ Աշոտ Մալոյանը և օպերատիվ բաժնի պետ Արման Սարգսյանը ապտակել են իրեն, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին` պահանջելով խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են դատապարտյալի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված պաշտոնատար անձինք առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում չեն կատարել, և դատապարտյալը նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահ Ա. Մալոյանի և օպերատիվ բաժնի պետ Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Իսկ դատապարտյալ Ս. Մխիթարյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ գողության դեպքերի վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հուսիկ Առաքելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հաղորդում է տվել, որ ինքը գողությունների հետ որևէ կապ չունի, և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Ավագյանն է իրեն համոզել խոստովանել գողությունները, իսկ վերջինիս կողմից լրացված փաստաթղթերն ինքն առանց կարդալու ստորագրել է: Հ. Առաքելյանը հայտնել է նաև,  որ քրեական գործի քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակ Մինասյանը ևս իրեն համոզել է ընդունել իր կողմից չկատարված հանցանքը` խոստանալով, որ դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Հ. Առաքելյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել օպերլիազորի և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Ն. Ավագյանի և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս. Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:

Սուտ մատնություն կատարելու համար Հ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Սուտ մատնության վերը նշված դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ