Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական աշխարհում, որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողը հանդես էր եկել մեղադրական ճառով՝ դատարանից պահանջելով Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Տուժող Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի խոսքերով՝ ամբաստանյալի կողմից կատարվել են Մովսես Ներսիսյանի սպանությունը կատարելու ուղղությամբ բոլոր գործողությունները, այսինքն, դիակը չհայտնաբերելու պայմաններում այդ արարքը պետք է որակվի առնվազն, որպես սպանության փորձ: Նշենք, որ Իսրայել Սարգսյանը պնդում է, թե Մովսեսին չի սպանել, որ նա գնացել է Հայաստանից:
Այսօրվա դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան ռեպլիկներով: Ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հրաժարվեց ճառից, ասելով, որ պնդում է 4 ամիս առաջ իր պաշտպանական ճառը, ուստի հանդես եկավ միայն ռեպլիկներով:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործով, այս տարվա հունիսի 7-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու նպատակով, սակայն ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով դատական գործընթացը նորից վերսկսվեց: Այդ ժամանակ դատախազ Հայկ Հակոբյանը ևս պահանջել էր 25 տարվա ազատազրկում:
Ըստ պաշտպանի՝ վերոնշյալ գործով կա ապացույցների անբավարարություն: Հեկտոր Սարդարյանը կետ առ կետ անդրադարձավ մեղադրող Արթուր Մանուկյանի ճառին՝ կասկած հայտնելով մեղադրողի կողմից հնչեցված ապացույցների ճշգրտության վերաբերյալ: Պաշտպանը նաև անդրադարձավ գործում առկա նյութերից տեսագրությանը և ասաց, որ որակը վերոնշյալ տեսանյութի լավը չէր. «Տեսանյութի մեջ ստվերի առկայություն կա, ն աև մեքենաների տեղաշարժ: Տեսանյութի մեջ երևում են մեքենայում անձիք ստվերով, որոնց նույնացնում են Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի հետ»,-անիմաստ համարեց սա պաշտպանը, նույնիսկ կասկածի տակ դրեց տեսանյութի օրինական տեսագրությունը, քանի որ հստակ երևում է, որ նկարահանված է մեքենայի ետևից, իսկ եթե թողոցի ձայնագրություն է, ապա պետք էր անկյունային ռակուրսից նկարահանված լիներ: Պաշտպանը խոսեց նաև տեսագրության մոնտաժված լինելուց, ինչի մասին փաստել էին նույնիսկ մասնագետները:
«Խնդրում եմ՝ Իսրայել Սարգսյանի արդարացման որոշում կայացվի»,-իր խոսքը եզրափակեց Հեկտոր Սարդարյանը:
Ամբաստանյալը իր վերջին խոսքում ահիմն համարեց մեղադրական ճառը, քանի որ ըստ իրեն՝ դա ենթադրությունների հիման վրա է կազմված. «Չի կարելի օրենքը դնել ու բռնաբարել»,-ասաց նա:
Իսրայել Սարգսյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչել, չի ճանաչում և կպայքարի իր նկատմամբ արդար դատավճռի կայացման համար:
«Գործով բոլոր ապացույցները զիբիլ են: Խողովակում դիակ չկա. Կարո՞ղ ա կերել եմ»,-հայտարարեց նա:
Դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:
Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին՝ «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի