Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով դատական նիստը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներկաներին հայտնեց, որ ընթերակա Յուրի Գալստյանին չի հաջողվել գտնել և հրավիրել դատարան: Դատավորի խոսքերով համաձայն համապատասխան ծանուցագրերի` այն հասցեն, որտեղ բնակվում է Յուրի Գալստյանը` 10 տարի առաջ անվանակոչվել է, իսկ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն:
«Հին հասցեով ստացված ծանուցագրով, այդտեղ նման անունով անձ չի բնակվում, իսկ նոր հասեցով նշված ծանուցարով նման անձ գոյություն ունի և այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում»,- իր խոսքում նշեց դատավորը:
Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանն իր դժգոհությունը հայտնեց կատարվածի վերաբերյալ, նշելով, որ այս արձանագրությունը չի կարող որպես ապացույց ընդունվել, իսկ մեղադրող կողմը պետք է հրաժարվի այդ արձանագրությունից որպես ապացույց և գործողություններ ձեռնարկի գտնելու այն անձին, որը մասնակցել է:
«Մի ընթերական չէր հիշում, թե ի՞նչ գործողությունների է մասնակցել, իսկ մյուսն էլ գոյություն չունի: Անհասկանել է, թե ո՞ւմ ենք փնտրում: Մեզ պետք է հարցաքննել այն ընթերականերին, որոնք ներկա են գտնվել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Մեղադրող կողմի դատախազ Արամ Արամյանն առաջարկեց նորից ծանուցում ուղարկել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց հետաձգել նիստը և ևս մեկ ծանուցում ուղարկել, ինչից հետո հաջորդ նիստին այս հարցին վերջնական լուծում կտրվի:
Ընթերակայի բացակայությունը զայրացրեց նաև ամբաստանյալներին: «Ոնց որ մաֆիա խաղանք` իրենք սևերն են, մենք քաղաքացիները: Վեց ամիս է այս վիճակն է, ամոթ է»,-ասաց ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը (Ծգլ):
Նշենք, որ արդեն մի քանի նիստ հետաձգվում է ընթերակա Յուրի Գալստյանի բացակայության պատճառով:
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:
Նյութը` Ելենա Արամյանի